Tert.am-ը գրում է․

Վարչապետ Փաշինյանի երեկվա հանդիպումը «Սասնա Ծռեր»-ի անդամներ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հետ խոսում է Փաշինյանի դիրքերի թուլացման մասին։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը: Նա հիշեցրեց, որ նախկինում նման հանդիպումներ չեն եղել, ավելին՝ միմյանց նկատմամբ եղել է կոշտ քննադատություն, բայց հիմա իրավիճակ է փոխվել և կառավարության համար իրավիճակն օր օրի վատանում է։

«Պատահական չէ, որ տարբեր մարգինալ շրջանակներ ակտիվանում են, փորձում են իրենք էլ օգտվեն Փաշինյանի դիրքերի թուլացումից, որ որոշակի դիրքեր վերցնեն, քաղաքական առանցքի մեջ մտնեն։ Այս հանդիպումը թուլության նշան է։ Եթե հիշում եք, արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Սասնա Ծռեր»-ի կողմից հայտարարվում էր, որ սրանից հետո ևս մեկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու, ինչին վարչապետը բավականին կոշտ արձագանքեց։ Այն ժամանակ իր այդ արձագանքին հակահարված չեղավ, հետագայում ևս այդ ուժերի միջև շփումները բավականին դառն էին, կար նաև քննադատություն գործող վարչապետի նկատմամբ, որ նա արմատական հեղափոխական քայլերի չի գնում և այլն։ Այս 2 ուժերին կարելի է անվանել ոխերիմ բարեկամներ, բայց գնում են, շփվում են ներքաղաքական հարցերով, ինչը խոսում է այն մասին, որ իրենց միավորել է ընդհանուր վտանգը»,- ասաց նա։

Թևանյանը նկատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված նույնիսկ խմբակցության ներսում չկարողացավ միասնականություն ապահովել, սրան զուգահեռ վարչապետի վրա կա ներքին, արտաքին ու տնտեսական ճնշումներ։ Նա շեշտեց՝ իշխանություններին ու «Սասնա Ծռեր»-ին միավորում է քաղաքական զարգացումների հետ կապված ընդհանուր վախը։

Ինչ վերաբերում է տեսակետին, որ վարչապետ Փաշինյանը նման հանդիպումներով փորձում է խոստումների դիմաց երաշխիքներ ստանալ առ այն, որ Ամուլսարի հանքի շահագործման դեպքում աղմուկ չեն բարձրացնի, Անդրանիկ Թևանյանը նշեց, որ այս թեմաները վարչապետի համար ներկայումս ունեն ֆոնային դերակատարություն։ Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրն այսօր դարձել է  իր «աթոռի» պահպանումը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել