«Հեղափոխությունը մեզ ազատություն է տվել», «Ով դեմ է այդ ազատությանը, նա ստրուկ է», «Մեզ ցանկանում են ետ տանել դեպի նախկին, անազատության շրջան», «Նիկոլը մեզ ազատություն է տվել»։ Նմանատիպ տեսակետներ կարելի է հաճախ լսել։

«Հեղափոխականները» սկսել են նշել Քաղաքացու օրը: «Քաղաքացի» հասկացությունն առաջացել է «ազատություն» հասկացության հետևանքով. երբ մարդն ինքն է որոշում իր ճակատագիրը և իր նման քաղաքացիների հետ միասին ընտրում է իր իշխանությունն իր ազատ կամքով։

Իսկ ի՞նչ է ազատությունը։

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ մասին տարբեր տեսակետներ կան, որոնք փոփոխվել են ժամանակի, կրոնական պատկերացումների, ցիվիլիզացիաների միջավայրի ու աշխարհայացքների ազդեցության տակ, սակայն ազատությունը կարելի է ինչ-որ կերպ սահմանել հետևյալ կերպ․ ազատությունն այն է, երբ սուբյեկտն ինքնուրույն է որոշումներ կայացնում, իր կամքի ու իր դրդապատճառներից ելնելով։

Իսկ բուդդիստները համարում են, որ այս նյութական աշխարհում առհասարակ մարդը չի կարող ազատ լինել, թեկուզ նրա համար, որ կախված է թեկուզ օդի ու սննդի պահանջմունքից, և ազատության միակ տարբերակը սեփական կյանքով դուրս գալն է այս նյութական աշխարհից՝ ազատվելով ցանկացած նյութական ու հոգեկան կապանքներից, այսինքն՝ գիտակցությունը ազատել արտաքին որևէ ազդեցությունից։

Ըստ քրիստոնեական շատ ուսմունքների՝ ազատությունն Աստծո կամքը կատարելու մեջ է․ եթե կատարում եք, ապա ազատ եք։

Հիմա այս մաժորային ակորդից անցում կատարենք տխուր թեմայի․ իսկ արդյո՞ք բոլորն են պատրաստ ազատությանը։

Պատկերացրեք, երկարատև սովից հետո մարդուն տալիս են մեծ քանակությամբ ուտելիք։ Հետևանքները պարզ են․ մարդը մահանում է, որովհետև սննդին պետք է կամաց-կամաց սովորել, փոքր չափաբաժիններով, մինչև օրգանիզմը կարողանա ընտելանալ սննդի մեծ չափաբաժիններին։

Ազատությանը պետք է պատրաստ լինել։ Ազատությունը շատ անհատների ու ժողովուրդներին է կործանել, երբ նրանք պատրաստ չեն եղել դրան, որովհետև ազատությունը նշանակում է կարողանալ կատարել ընտրությունը, իսկ ընտրության համար պետք հետևել որոշակի սկզբունքների, ունենալ աշխարհայացք, էթիկական նորմեր, փորձ, որոշակի ավանդույթներ, կարծիքի լիդերներ և ամենակարևորը՝ պատասխանատվություն։

Մեր թքող, աղտոտող ու քրֆող զանգվածը արդյոք պատրա՞ստ է ազատության, արդյոք պատրա՞ստ են լսել կարծիքներ և կատարել ընտրություն։

Ազատությունն ինքն իրեն դեռ բարիք չէ, այն ընդամենը հնարավորություն է, և եթե դրան պատրաստ չես, այն կարող է վերածվել չարիքի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել