Ռենե Մագրիտը 19-րդ դարի հանճարեղ նկարիչ է, ում նկարներն առանձնանում են իրենց հատուկ ոճով ու սյուրռեալ մտածողությամբ, սակայն այդ նկարներում հատկապես առանձնանում է մի նկար, որը հանճարեղ նկարիչը անվանեց «Սիրահարները»: Նկարում պատկերված է զույգ, որը համբուրվում է, սակայն ոչ սովորական ձևով: Զույգի դեմքն ամբողջովին փակված է սպիտակ քողով, որը նրանց համբույրն էլ ավելի առեղծվածային է դարձնում: 

Թվում է, թե առաջին հայացքից նկարն ամբողջովին պարզ է, ու Մագրիտը փորձել է ուղղակի այն ավելի տպավորիչ դարձնել, սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: Տարիներ առաջ, երբ Ռենեն դեռ երեխա էր, նրա մայրը ինքնասպան է լինում: Ասում են, որ Մագրիտը ականատես է լինում, թե ինչպես են մոր դին հանում գետից, որում նա խեղդվել էր: Հանելուն պես նրա մարմինն ու դեմքն ամբողջովին ծածկում են սպիտակ սավանով ու նոր տեղափոխում դիահերձարան: 

Այս զարհուրելի տեսարանն այնքան է տպավորում Մագրիտի մոտ ու խառնում մանկական նրա պատկերացումները, որ տարիներ անց նա նորից հիշում է այդ պատկերն ու ստեղծում իր «Սիրահարները» նկարը: Բայց, իհարկե, այս վարկածն ամբողջովին հաստատված չէ: Ասում են, որ երբ Մագրիտին հարցրել են, թե արդյոք նկարի պատմության հիմքում ընկած է մոր ինքնասպանության միջադեպը, նա պատասխանել է, որ իրականում այդպես չէ: 

Մագրիտը մինչև վերջ ժխտում էր նկարի ստեղծման պատմության հետ կապված յուրաքանչյուր վարկած ու նշում, որ արվեստի մեջ պետք չէ փնտրել նախապատմություններ: Նա վստահ էր, որ արվեստն այն է, ինչ մենք տեսնում ու ապրում ենք նկարին նայելիս: Երբ նկարիչն ինչ-որ բան է ստեղծում, նա դա անում է իր ներքին էմոցիաներից ոգեշնչված, ու այդ նկարը պարզապես պետք է ընկալել ու հասկանալ՝ հույսը դնելով սեփական էմոցիաների վրա, ոչ թե նկարում նախապատմություններ ու բացատրող պատմություններ փնտրելով: 

Ինչքանով է Մագրիտի ժխտումը պայմանավորված եղել ճշմարտությամբ, ոչ թե սեփական անցյալը հիշելու ցավով՝ դժվար է ասել, սակայն «Սիրահարները», միևնույն է, շարունակում է մնալ բոլոր ժամանակների ամենահանճարեղ նկարներից մեկը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել