Tert.am-ը գրում է․

Կառավարությունը որոշել է Սևանա լճի սիգի արդյունագործական ձկնորսությունն օրինականացնել, որպեսզի սիգի պահածոյի արտադրությունն ու արտահանումը սեփական վերահսկողության տակ լինի և օրինական: Այս ոլորտում արդեն իսկ նոր ներդրող է գտնվել, ով հայտարարել է, որ պատրաստվում են ձկան պահածոների և կիսաֆաբրիկատների արտադրություն բացել: Իսկ զուգահեռ, նրանք, ովքեր նախկինում նույն գործով էին զբաղվում, կենթարկվեն քրեական պատասխանատվության:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը երեկ հայտարարել է, որ վերջին երկու տարում Սևանում սիգի պաշարները բավական շատացել են և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն արդյունագործական ձկնորսություն թույլ տալու կարգ է մշակել: Ըստ նրա՝ սկզբնապես փորձելու են կիրառել պիլոտային՝ 150 տոննա ձկան համար:

Հիշեցնենք, որ 2006 թ․-ից Սևանի սիգն այլևս չէր համարվում արդյունագործական նշանակության ձկնատեսակ, ուստի նախարարության որոշումով որսը մինչ օրս արգելվել էր: 

«Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովին Գեղարքունիքի մարզպետարանը հրավիրել էր նաև «Սիգ» ձկան պահածոների և կիսաֆաբրիկատների արտադրություն իրականացնող ընկերությանը: Համաժողովին ընկերության ներկայացուցիչը վարչապետին և ներկաներին ծանոթացրեց բիզնես նախագծի հետ և նշեց, թե տեղեկանալով, որ ձկնարդյունաբերությունը զարգանում է  ՀՀ-ում, ցանկացել է ձկան արտադրամաս հիմնել, 25-30 տեսակ արտադրանքներով ձկան պահածոների և կիսաֆաբրիկատների արտադրություն հիմնել:  

«Այս բիզնեսը համարվում է հեռանկարային, քանի որ էկոլոգիապես մաքուր ապրանքատեսակ է , յուրահատուկ պահանջարկով թե՛ ՀՀ-ի սահմաններում, թե՛ ՀՀ-ի սահմաններից դուրս: Սկզբնական շրջանում նախատեսվում է արտահանել Վրաստանում և ՌԴ: Նախատեսում ենք ամսական ստանալ 25 տոննա արտադրանք, մեկ տարում հասցնել մինչև 80 տոննա ամսական կտրվածքով, որի հումքը ձեռք է բերվելու ինչպես ՀՀ-ի տարածքից, այնպես էլ ՌԴ-ից՝ Բայկալից»,-նշել էր գործարարը: Ըստ նրա՝ ծրագիրը արժե 130 մլն դրամ:

Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի ապօրինի որսի ու տասնյակ միլիոնավոր դոլարների շրջանառությամբ ստվերային բիզնեսի մասին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը խոսել էր  այս տարվա հուլիսի սկզբին և նշել, որ  հունվարի վերջին «Սևան» ազգային պարկում պատրաստվում էին իրականացնել տեսչական ստուգում, որն ընդհատվեց իրեն աշխատանքից ազատելու պատճառով:

Բարձրացված աղմուկից հետո գլխավոր դատախազությունից հայտարարություն տարածվեց, որ  սիգ ձկնատեսակի ապօրինի որսի և իրացման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քանի որ սիգի որսի արգելված լինելու պայմաններում հայտնաբերվել են պահածոյացման, արտահանման և այլ նպատակներով ավելի քան 44 000 կգ սիգի իրացման փաստեր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել