Պարզվում է, որ դեռևս 16-րդ դարում մարդկանց հաճախ տանջել է մի միտք՝ ինչպես դադարել շատ խմել։ Որոշ գիտնականներ, գրողներ ու հրապարակախոսներ անգամ քիչ խմելուն կամ խմելը դադարեցնելուն նվիրել են նույնիսկ գրքեր, ճառեր ու աշխատություններ։ 
Եվ ահա այդպիսի մի գրող՝ Իտալիայի Նեապոլ քաղաքից, Ջամբատիստա Դելա Պորտան, դեռևս 16-րդ դարում անդրադարձել է հատկապես խմելու թեմային իր «Բնության կախարդանքը» գրքում։ Նրա գրքի մի հատվածում անդրադարձ է կատարվել գինի խմելու թեմային, որտեղ նա առաջարկում է 2 տարբերակ՝ գինու նկատմամբ կախվածություն հաղթահարելու համար։ 
Առաջին խորհուրդը հետևյալն է․ գինու նկատմամբ չափազանց մեծ տարվածությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է մի քանի խեցգետին լցնել գինու բաժակի մեջ ու հետևել, թե նրանք ինչպես են խեղդվում։ Դրանից հետո ոչ մի կերպ հնարավոր չէ վերսկսել խմելը, որովհետև ամեն անգամ գինուն նայելիս ձեզ կտանջի մեղքի զգացողությունը։ 
Երկրորդ տարբերակն էլ ավելի ստեղծագործ է։ Գրողն առաջարկում է գինով լողացնել կրիայի, որից հետո այդ իսկ գինին ամեն առավոտ մի փոքր քանակությամբ խմել։ Կրիան գինուն զզվելի ու յուրահատուկ համ կհաղորդի, ինչի արդյունքում մի քանի օրից դուք կդադարեք խմել գինի առհասարակ։ 
Այ այսպիսի յուրահատուկ մեթոդներով է հարուստ եղել միջնադարը, որոնցից, ինչքան էլ որ զարմանալի թվա, օգտվել են շատ մարդիկ ու դրանցով փորձել հաղթահարել իրենց կախվածությունները։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել