Tert.am-ը գրում է.

«Գյումրի-17» զորամասի հասցեում գտնվող 21 հա հատուկ նշանակության հողատարածքում Գյումրիի ավտոմաքսատան նախաշինարարական աշխատանքները սկսվել են, մինչդեռ նախագիծը դեռևս պատրաստ չէ: Իսկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ ավտոմաքսատան կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ տարվա հոկտեմբերին:  

Գյումրիում ավտոմաքսատան կառուցումը վստահված է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ին, որի տնօրեն Արամ Ադամյանը Tert.am-ի հետ զրույցում պնդեց, որ ցայտնոտային վիճակ չկա, միաժամանակ հաստատեց՝ աշխատանքը բեռ է, որն իրենք հանձն են առել ոչ թե գումարից, այլ պատվից ելնելով:

Նշենք նաև, որ Պետական եկամուտների կոմիտեն Գյումրիում ավտոմաքսատան կառուցումը «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ին է պատվիրել առանց մրցույթի, մեկ անձից գնման կարգով։ ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչու են առանց մրցույթի պատվիրել կառուցումը, պարզաբանել էր, որ սովորաբար, նման գործարքները՝ պայմանավորված ծրագրի իրականացման հրատապությամբ, կատարվում են մեկ անձից գնումով:

Արամ Ադամյանն այս մասին ասաց. «Իրենք ուսումնասիրել են և գտել են, որ մեր ընկերությունը կարող է այդ ծանր բեռը տանել, բացի այդ՝ աշխատելու են մեզ հետ մի շարք շինարարական կազմակերպություններ ևս, միայն մեր կազմակերպությունը չի, մի տաս կազմակերպություն պետք է աշխատի, որպեսզի կարողանանք այդ բեռը թեթևացնել, կարողանանք օբյեկտը շահագործել: Սա այն հարցն է, որ մենք ուզում ենք պատվով կատարենք, որ բոլորը տեսնեն, թե կարճ ժամանակում ինչպես կարող են պատվով կատարել ու վերջացնել: Մենք ուզում ենք դա անենք, մեզ չի հետաքրքրում կոռուպցիոն, մյուս, մյուս հարցերը, որ շահարկվում է, ընդհանրապես գումարային հարցեր չի հետաքրքրում, պատվի հարցն է միայն հետաքրքրում»:

Չնայած նրան, որ ընթացակարգերը չեն պահպանվել, Ադամյանը հավատացրեց, որ անորակ աշխատանք չեն անի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել