168.am-ը գրում է.

Հարցազրույց ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։

– Պարոն Ոսկանյան, հոկտեմբերի 1-ին Երևան է այցելելու Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ ԵԱՏՄ վեհաժողովին մասնակցելու նպատակով։ Ի՞նչ ակնկալել այս այցից։

– Ընդհանուր առմամբ՝ սա պատասխան այց է դիտարկվում ՀՀ վարչապետի՝ Թեհրան կատարած այցին։ Բացի ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներից, կարծում եմ, կլինի երկկողմ օրակարգ, եթե ընդհանրապես այդպիսի օրակարգ մշակվել է։ Այդ համատեքստում Հայաստանի համար չեն կորցրել և մինչև այժմ էլ մեծ կարևորություն են ներկայացնում մի քանի ծրագրեր, որոնք ակնհայտորեն պետք է ներառվեն Իրանի նախագահի այցի օրակարգի երկկողմ հանդիպումների և, ինչո՞ւ ոչ, նաև ԵԱՏՄ ձևաչափով հանդիպումների շրջանակում։ Խոսքը վերաբերում է Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքին Հայաստանի մասնակցությանը և այդ գործընթացին իրանական կողմի օժանդակությանը։

Հայկական կողմում կարծես թե այդ ծրագրին մեծ ուշադրություն չի հատկացվում, մինչդեռ այդ ծրագիրը չափազանց կարևոր է ոչ միայն ՀՀ տնտեսական շահերն ապահովելու առումով, այլև մեր պետության աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու տեսանկյունից, և ծրագրի իրականացման գործում շահագրգիռ է իրանական կողմը ևս։

Ընդ որում՝ ծրագիրն ունի 2 բաղադրիչ՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին և Հայաստան-Իրան երկաթուղին։ Վերջինս կարծես ընդհանրապես դուրս է մնացել օրակարգից։ Մինչդեռ իրանական կողմում հենց վերջերս վերլուծական հոդվածներ են հրապարակվել առ այն, որ Իրանը պետք է ակտիվորեն նպաստի այս ծրագրի իրականացմանը, դրա օրակարգ վերադարձին՝ հաշվի առնելով չինական կողմի ներգրավման հնարավորությունները և Իրան-Չինաստան կապերը «Մետաքսե ուղու» ծրագրի շրջանակներում։ Հետևաբար, կարծում եմ, այս խնդիրն էլ պետք է դառնա օրակարգային։

Գիտեք, Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է, և բազմաթիվ խնդիրներ կան, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտը չափազանց կարևոր է մեր երկու պետությունների հարաբերությունների համատեքստում, և այս խնդիրներն էլ պետք է դիտարկվեն հայ-իրանական երկկողմ և նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Հետևաբար, կարծում եմ, շատ աշխատանքներ կան անելու, և Իրանի նախագահի այցը պատեհ առիթ է, որպեսզի առկա օրակարգերը թարմացվեն և հստակ ուղիներ նախանշվեն այդ օրակարգերի իրականացման ուղղությամբ։

– Այսինքն՝ Իրանը կարո՞ղ է ֆինանսավորել Հյուսիս-Հարավ նախագծերը՝ ավտոմայրուղին կամ երկաթգիծը։

– Չեմ կարծում, թե իրանցիներն այս պահին ունեն ֆինանսական միջոցներ՝ զուտ ֆինանսական առումով մասնակցելու տեսանկյունից, բայց իրանական կողմը բազմիցս հայտարարել է, որ կարող է տրամադրել ինժեներական աջակցություն։ Նաև շատ կարևոր է, որպեսզի մենք օգտվենք Իրան-Չինաստան հարաբերություններից՝ այս ծրագրերում չինական կողմին ներգրավելու տեսանկյունից։

Համենայն դեպս, ակնհայտ է, որ Հյուսիս-Հարավի ծրագիրը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի, և այս ուղղությամբ բոլոր ջանքերը պետք է ներդրվեն բոլոր խաղացողների կամ հնարավոր ներդրողների հետ բանակցելու և արդյունքի հասնելու առումով, որովհետև նաև դրանից է կախված մեր պետության զարգացման տեսլականը։

– Մի քանի տարի առաջ խոսվեց Հայաստանի տարածքով իրանական գազը դեպի Վրաստան, ապա՝ Եվրոպա տարանցելու մասին, սակայն հետագայում այդ խոսակցությունները մարեցին և ծրագիրը, կարծես, մոռացության մատնվեց։ Ի՞նչ կա այս ուղղությամբ։

– Այս ծրագիրը չի դադարել իրանցիների համար գոյություն ունենալուց և, չնայած պատժամիջոցները զգալիորեն խաթարում են Իրանի հնարավորությունները, մասնավորապես՝ գազային ոլորտում արտահանում իրականացնելու առումով, բայց սա էլ շատ հետաքրքիր ձևաչափ է և, կարծում եմ՝ հենց ԵԱՏՄ հանդիպումների շրջանակը կարող է շատ պատեհ առիթ հանդիսանալ, որպեսզի այս խնդիրները ևս քննարկվեն՝ հաշվի առնելով նաև ռուսական կողմի ներկայությունը։ Բնականաբար, հայտնի է, որ գազային ոլորտում Հայաստանում լուրջ շահեր ունի Ռուսաստանի Դաշնությունը։

Հետևաբար՝ կարելի է այս խնդրի շուրջ ձևավորել որոշակի կոնսենսուս՝ եռակողմ կամ քառակողմ, որը շահավետ կլինի բոլոր կողմերի համար։ Իրանին դա ձեռնտու է սեփական գազն արտահանելու հեռանկարի առումով, մեզ ձեռնտու է Հյուսիս-Հարավ առանցք ձևավորելու և Հայաստանի դերակատարությունը բարձրացնելու տեսանկյունից, վրացական կողմին ձեռնտու կլինի ադրբեջանական գազից կախվածությունը թուլացնելու առումով, իսկ ռուսական կողմին՝ մասնակցային ներկայության պարագայում այս ծրագրի միջոցով Վրաստանի ներսում որոշակի ազդեցության լրացուցիչ լծակներ ձեռք բերելու։ Հետևաբար՝ բոլոր կողմերի համար որոշակի շահագրգռություններ կան, և Հայաստանն այս հարցում կարող է ստանձնել ինչ-որ առումով մոդերատորի գործառույթ, եթե մենք համապատասխան ջանք և եռանդ ներդնենք։

– Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկ շաբաթում երկրորդ անգամ հերքում է, որ ԱՄՆ-ը Ադրբեջանում իսրայելական դրոններ է տեղակայել Իրանի ու Իրաքի դեմ հարձակման համար: Ո՞րն է Թեհրանի դերն այստեղ, և ի՞նչ է կատարվում իրանաադրբեջանական հարաբերություններում։

– Ակնհայտ է, որ Ադրբեջանն իր բնույթով հակաիրանական պետություն է և, անկախ նրանից՝ Բաքվում դա կբարձրաձայնեն, թե կհերքեն, միևնույն է, այս պետության հակաիրանական բնույթը չի փոխվում։ Եվ հակաիրանականությունն Ադրբեջանի ներսում շատ դեպքերում մրցակցում է հակահայկականության հետ։ Հետևաբար՝ իրանցիները բավական լավ տեղյակ են Ադրբեջանի ներսում հակաիրանական գործընթացներից, և նրանց համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը հստակորեն դիտարկվում է՝ Իրանի դեմ որպես պլացդարմ մի քանի խաղացողների կողմից, մասնավորապես՝ ոչ միայն ԱՄՆ-ի, այլև՝ Իսրայելի պետության։

Գիտեք, Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները, որոնց հակաիրանական հատվածը շատ դեպքերում գաղտնի է, զարգանում են բավականին դինամիկ՝ ոչ ի նպաստ Իրանի, և իրանցիները առիթը բաց չեն թողնում այս հարաբերություններն ինչ-որ չափով չեզոքացնելու տեսանկյունից՝ կիրառելով մահակի և քաղցրաբլիթի քաղաքականություն։ Մասնավորապես՝ վերջին հայտարարությունը վերաբերում էր ակնհայտորեն Իրանի կողմից համակարգվող՝ Իրաքի ներսում գործող ժողովրդական աշխարհազորի առաջնորդներից մեկի կողմից և չէր կարող արվել առանց Իրանի գիտության։ Հետևաբար՝ կարծում եմ, սա որոշակի ազդակ էր դեպի Ադրբեջան։ Բնականաբար, տեղեկատվությունը չի հաստատվում ադրբեջանական կամ ամերիկյան կողմից, բայց ակնհայտ է, որ որոշակի գործընթացներ կան, որոնց հետևել է նման հայտարարություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել