Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարված իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի նիստի ընթացքում որոշում է կայացվել Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին և մի քանի այլ գործիչների հեռացնել կուսակցությունից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլիեթ» լրատվամիջոցը:

Ըստ տեղեկատվության՝ կուսակցությունից հեռացնելու պահանջը ուղարկվել է կուսակցության կարգապահական խորհրդին:

Ահմեթ Դավութօղլուին, Սելչուք Օզդաղին, Այհան Սեֆեր Ուսթունին և Աբդուլլահ Բաշջըին մեղադրում են կուսակցության կանոնադրությանը չհամապատասխանող հայտարարություններով հանդես գալու մեջ:

Ըստ թուրքական մամուլում տարածված տեղեկությունների՝ Ահմեթ Դավութօղլուն մասնակցում է նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի և Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից ստեղծվող նոր կուսակցության աշխատանքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել