Tert.am-ը գրում է.

Tert.am–ը ներկայացնում է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում նա անդրադարձել է Հայաստանի զարգացման հնարավորություններին։ Արմեն Գևորգյանը պայմանականորեն առանձնացնում է երեք ուղղություն, որոնք, ըստ նրա, կարող են դառնալ պետության զարգացման հենասյունը, կարող են հնարավորինս մեծացնել Հայաստանի մրցակցային առավելությունները և այն հետաքրքիր դարձնել ներդրողների համար։ Արմեն Գևորգյանի հոդվածը կարդացեք ստորև։

Մեր պետության զարգանալու ուղղությունների շուրջ ներքին դիսկուրսի օրակարգը շատ աղքատիկ է և, կարծում եմ, ինչ-որ չափով նաև՝ ոչ համարժեք։ Մենք պարզապես նույնականացնում ենք Հայաստանի հեռանկարային զարգացան խնդիրը ընթացիկ, թեկուզև՝  դրական ձեռքբերումների հետ։ Իրականում դրանք խիստ տարբեր բաներ են, և կա ինքներս մեզ ծուղակում դնելու վտանգ։ Պետությունները ձախողվում են նաև այն պատճառով, որ իրական զարգացման օրակարգը չեն կարողանում ձևակերպել և այն ստորադասում են կոնկրետ փուլի իշխանության խնդիրներին։ 

Առաջարկում եմ սկսել ավելի առարկայական քննարկում․ի՞նչ նոր նախագծեր կարելի է նախաձեռնել Հայաստանում, որոնք կարող են առաջընթացի լոկոմոտիվ դառնալ և ինտենսիվ տնտեսական աճ ապահովել։ Իսկ այդ աճը, իր հերթին, կնպաստի բնակչության բարեկեցության բարձրացմանը։

Բոլոր կառավարությունները ժամանակավոր են. իմ ասելիքը հենց այսօրվա և հենց այս կառավարության համար չէ, թեև որոշ ուղղություններ ժամանակային սահմանափակում ունեն։ Իմ ասելիքը, ըստ էության, ՀՀ որևէ փուլի հաջողված կառավարության զարգացման տեսլական է։

Պետության փուլերը և կառավարությունները

Ի՞նչ նոր նշանակալի նախագծեր կարող է կառավարությունն առաջարկել հասարակությանը, որոնք կասոցացվեն «Նիկոլ Փաշինյանի դարաշրջանի» հետ։ Հիշենք, որ երկրի նախկին ղեկավարների անվան հետ կապված են այնպիսի առանցքային նախագծեր, ինչպիսիք են Հյուսիսային պողոտան և Երևանի քաղաքաշինական զարգացումը, երկրաշարժի գոտու ինտենսիվ վերականգնումը, «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցումը, Երևանում և մարզերում նոր ճանապարհների և տրանսպորտային հանգույցների կառուցումը կամ ավարտը, Սելիմի լեռնանցքի՝ ստրատեգիական նշանակության ճանապարհի կառուցումը,  Իրան-Հայաստան գազատարը, Թումոն, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, Ծաղկաձորի զարգացումը, ամբողջ Հայաստանով մեկ մշակութային տասնյակ օջախների վերակառուցումը, նոր՝ Սլավոնական, Ֆրանսիական համալսարանների հիմնումը։ Սրանք վերաբերում են Քոչարյանի ժամանակներին։ Մատենադարանի նոր մասնաշենք, Դիլիջանի դպրոց, Տաթևի ծրագիր, բնակարան երիտասարդների համար, Հյուսիս-հարավ ճանապարհաշինական ծրագիր, Սոթք-Քարվաճառ ստրատեգիական նշանակության ճանապարհի կառուցումը, Մարմարիկի ջրամբարի ավարտ, Վեդիի ջրամբարի ծրագրի մեկնարկ, Ջերմուկի զարգացում․ սրանք նշանավորում են Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը։

Անկախության առաջին փուլի բեկումնային նախագծերը կապվում են երիտասարդ վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ՝ Լաչինի ստրատեգիական ճանապարհի կառուցում, ատոմակայանի վերաբացում, հողի սեփականաշնորհում, էներգետիկ ճգնաժամի մասնակի հաղթահարում, HSBC բանկի մուտք Հայաստան, Ամերիկյան համալսարանի բացումը  և այլն։

1991-2018-ի այս բոլոր ձեռքբերումները դարձել են մեր առօրյա կյանքի անբաժան մասը, իսկ դրանցից մի քանիսը՝ մեր երկրի այցեքարտը։ Եվ ամենակարևորը՝ դրանք դարձել են հետագա զարգացումների հենքը։

Այսպիսով.

Ի՞նչը կարող է դառնալ այս պահից պետության զարգացման հենասյունը, ո՞ր ուղղությունները կարող են հնարավորինս մեծացնել մեր երկրի մրցակցային առավելությունները և այն հետաքրքիր դարձնել ներդրողների համար։ Պայմանականորեն առանձնացրել եմ 3 այդպիսի ուղղություն․

1-ին ուղղություն․ Հայաստանը՝ տարանցիկ երկիր

2-րդ ուղղություն․ Պատրաստված է Հայաստանում  (“Made in Armenia”)

3-րդ ուղղություն․ Հայաստանը՝ հնարավորությունների երկիր

Կարծում եմ՝ այս ուղղությունների շրջանակներում կարող են իրականացվել նախագծերի հետևյալ խմբերը․

1. Համակարգաստեղծ նշանակություն ունեցող ենթակառուցվածքային նախագծեր, որտեղ ներդրումների ու արդիականացման հարցերն արդեն ազգային անվտանգության և երկրի կայունության հարցեր են։

2. Զարգացման համար նոր հնարավորություններ ստեղծող կամ առկա հնարավորություններն էականորեն ընդլայնող նախագծեր։

3. Լոկալ կամ այլ կերպ ասած առանցքային նախագծեր՝ այցեքարտ դարձող ծրագրեր, որոնք իրենց շուրջը կարող են ձևավորել զարգացման նոր կլաստերներ, կամ լրացնել արդեն գոյություն ունեցողները։

Այս հրապարակմամբ կանդրադառնամ միայն այն նախագծերին, որոնք ունեն կամ կարող են ունենալ համապետական նշանակություն և չեն սահմանափակվում կոնկրետ բիզնեսի կամ համայնքի շահերով։

Այդ նախագծերը կարող են իրականացվել տարբեր ռեժիմներով․ մասնավոր ներդրումներ, պետական ներդրումներ, մասնավոր-պետական համագործակցություն։ Սակայն, միևնույն ժամանակ, բոլորը պետք է զգան, որ այդ նախագծերի հիմնական շարժիչ ուժը կառավարությունն է։ Ընդ որում՝ այդ շարժիչին պետք է բնորոշ լինեն համբերատարությունը, հետևողականությունն ու կայացված որոշումների՝ արդար լինելու վերաբերյալ վստահությունը։ Այն պետք է պատրաստ լինի բաց և անկեղծ երկխոսության, հատկապես, երբ ֆորմատը ենթադրում է մասնավոր-պետություն համագործակցություն, պետք է պատրաստ լինի դժվարությունների և  համախմբման, երբ խոսքը վերաբերի բնակչության կամ նրա առանձին խմբերի հետ հարաբերություններին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել