Բելառուսի 4-ամյա բնակչուհուն, որը 20 տարի առաջ կորել էր Բելառուսի էլեկտրական գնացքում, արդեն մեծ տարիքում գտել են Ռուսաստանում, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել են երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունից:

Աղբյուրի հաղորդմամբ՝ աղջնակը կորել է 1999 թվականին «Մինսկ-Օսիպովիչ» երեկոյան գնացքում: Ծնողները երկու օր տարբեր կայարաններում, լուսանկարները ձեռքին, փնտրել են դստերը, սակայն ապարդյուն, այնուհետև դիմել են ոստիկանություն: Իրավապահների որոնումները նույնպես անարդյունք են եղել:  

Եվ միայն 20 տարի անց՝ 2019-ի օգոստոսին, աղջիկը գտնվել է: ՌԴ ոստիկանության բաժին է ահազանգել մի երիտասարդ և պատմել իր ծանոթի՝ 24-ամյա Յուլիայի պատմությունը:

Ըստ աղբյուրի՝ երիտասարդը պատմել է, որ աղջիկը մեծացել է գիշերօթիկ դպրոցում, այնուհետև՝ խնամատար ընտանիքում: Աղջիկը հիշել է, որ տարիներ առաջ կորել է գնացքում: Նրան օգնելու նպատակով, որպեսզի գտնի իր ծնողներին, երիտասարդը սկսել է Յուլիայի մասին տեղեկություններ հավաքել համացանցում և մամուլում, և ահա «Օրշանկա» թերթում գտել է 20 տարվա վաղեմության միջադեպի մասին հոդվածը: Համադրելով փաստերը՝ նա հասկացել է, որ այնտեղ ներկայացված է հենց իր ծանոթի պատմությունը:

Աղջկա և նրա մոր հանձնած ԴՆԹ անալիզը հաստատել է մայրության փաստը: 20 տարի անց աղջիկը կրկին հանդիպել է ծնողներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել