Aravot.am-ը գրում է.

Մեծարգո պարոն Վարչապետ,

Ձեզ ենք դիմում Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ)  անունից՝  ՀԱԱՊ-ի անդամ ընկերություն  հանդիսացող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի Ամուլսարի ծրագրի շուրջ ծավալվող երկարատև իրադարձությունների կապակցությամբ:

ՀԱԱՊ-ը  առաջատար բիզնես ասոցիացիա է, որը Հայաստանում հիմնադրվել է 2000 թ. և այժմ ներկայացնում է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում գործող  ավելի քան 140 տեղական և օտարերկրյա ծագումով փոքր, միջին և խոշոր ընկերությունների շահերը: Մեր առաքելությունն է` Հայաստանում խթանել արտաքին և ներքին ներդրումների իրականացումը և խրախուսել բիզնեսի համար առավել  նպաստավոր միջավայրի ձևավորմանը: Համոզված ենք, որ ներդրումների նկատմամբ արդար և իրավաչափ վերաբերմունքը չափազանց կարևոր է ոչ միայն ՀԱԱՊ-ի անդամ հանդիսացող տեղական և արտասահմանյան ընկերությունների, այլ նաև  Հայաստանի տնտեսության զարգացման և ժողովրդի բարեկեցության ապահովման համար: Հենց այս համոզմունքից դրդված ՀԱԱՊ-ը վերջին 13 ամիսների ընթացքում Ամուլսարի ծրագրի վերաբերյալ արդեն հանդես է եկել 2 հայտարարությամբ:

ՀԱԱՊ-ը կարևորում է հանքարդյունաբերության ոլորտում պրոֆեսիոնալ և անկողմնակալ աուդիտների իրականացումը, սակայն միևնույն ժամանակ տարակուսում, որ Լիդիան Արմենիայի կողմից իրականացվող ծրագիրը մինչ այժմ հանքարդյունաբերության ոլորտում  միակ ծրագիրն է, որին պարտադրվել է 3 հաջորդական աուդիտ, իսկ դեպի Ծրագրի տարածք տանող ճանապարհները շարունակում են անօրեն շրջափակված մնալ ավելի քան մեկ տարի: Եվ սա այն պարագայում, երբ Լիդիան Արմենիայի Ամուլսարի ծրագիրը համապատասխանում է բնապահպանական և սոցիալական կառավարման ոլորտում ՄՖԿ-ի և ՎԶԵԲ-ի միջազգային ամենաբարձր չափանիշներին:    

Ցավում ենք, որ նույնիսկ 3-րդ աուդիտի իրականացումից հետո, և այն պարագայում, որ Դուք հաստատեցիք Լիդիան Արմենիայի կողմից բնապահպանական բարձր ստանդարտներին համապատասխանելու փաստը, վերջինիս  մուտքը դեպի Ծրագրի տարածք դեռևս չի վերականգնվել և ավելին, քննարկվում է ևս մեկ՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման հնարավոր անհրաժեշտությունը: Մենք կիսում ենք հասարակության բնապահպանական մտահոգությունները և համոզված ենք, որ ընկերությունները պետք է համապատասխանեն կայուն զարգացման ստանդարտներին: Միևնույն ժամանակ ունենք նաև այն համոզմունքը, որ բիզնեսի նկատմամբ արդար և անաչառ վերաբերմունքը պետք է բացառի ընտրողական մոտեցումը, և պետության կողմից առաջադրված բոլոր պահանջները պետք է հավասարաչափ և արդարացիորեն կիրառվեն ոլորտի բոլոր մասնակիցների նկատմամբ: Սա հատկապես կարևորվում է Ձեր կողմից օրերս հնչեցված այն հայտարարության համատեքստում, որտեղ Դուք խոսեցիք այն մասին, որ Լիդիան Արմենիայի դեմ արշավը  կազմակերպել և ֆինանսավորել են կոնկրետ բիզնես շահեր հետապնդող շահագրգիռ կողմեր: Սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս, և մենք հուսով ենք, որ այս պնդումները պատշաճ կերպով կհետաքննվեն:

Մեծարգո պարոն Վարչապետ, ՀԱԱՊ-ը ոչ միայն մտահոգված է Հայաստանում խոշորագույն ներդրող հանդիսացող իր անդամ ընկերության նկատմամբ անարդար վերաբերմունքի փաստով, այլ, որպես բիզնեսի առաջատար կազմակերպություն, նաև անհանգստացած է Ամուլսարի շուրջ արդեն իսկ մեկ տարի ծավալվող այս խնդրի բացասական ազդեցության հանգամանքով: Այն միանշանակ բացասական ազդակներ է ուղարկում պոտենցիալ ներդրողներին և Հայաստանը դարձնում ներդրումների համար ոչ գրավիչ երկիր: Այն պարագայում, երբ պետությունը ջանքեր չի խնայում դեպի Հայաստան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ, պոտենցիալ ներդրողները միաժամանակ ազդարարվում են, որ ներդրում կատարած օտարերկրյա ընկերությունները Հայաստանում պաշտպանված չեն և արժանանում են անարդար վերաբերմունքի:

Համոզված ենք, որ Լիդիան Արմենիայի Ամուլսարի ծրագրի շուրջ հետագա ձգձգումները խորացնելու են խնդիրը և կարող են կրել հարատև բնույթ՝ շարունակելով բացասական ազդեցություն ունենալ բիզնես միջավայրի վրա և վերջնականապես խաթարել երկրի ներդրումային գրավչությունը ապագա ներդրումների համար: Ուստի, կոչ ենք անում ՀՀ կառավարությանը որդեգրել արդար գործելաոճ՝ խնդրի շուտափույթ լուծման համար:

Մենք կիսում ենք Կառավարության տեսլականն առ այն, որ Հայաստանը պետք է բարգավաճի և ունենա  զարգացող  տնտեսություն, որտեղ ի նպաստ Հայաստանի բարօրության գործունեություն իրականացնող բոլոր ներդրողների նկատմամբ կգործի օրենքի գերակայության սկզբունքը և բոլոր տնտեսվարողների համար կապահովվեն հավասար և արդար հնարավորություններ:   Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատ              

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/09/02/1063495/?fbclid=IwAR027yyP3VfOgFFcORls3MBciGU6p-3gqz8z9iZHDN2eXM7QGCys7kyHmLA 

© 1998 - 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել