Իշխանություններին հանգիստ չի տալիս ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան առթիվ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և աշխարհի ու օլիմպիական խաղերի մի շարք մեդալակիրների կողմից հղած շնորհավորանքները: 

Պարոն Փաշինյանին սոցցանցերում սպասարկող կեղծ ու իրական օգտատերերը և նրան սպասարկող ԶԼՄ-ները երկու օր էլ ուղղակի լծված էին նրանց պախարակելու «կարևոր» գործով։ Սակայն, որքան հասկանում եմ, իշխանությունները չեն կարող ներել հանցագործ չեմպիոններին և շարունակում են խրատական դասեր տալ նրանց։

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանն այս թեմային վերաբերող գրառում է կատարել իր facebook-յան էջում և «դասախոսություն» կարդացել այն բանի մասին, որը կարելի է վերնագրել «Ինչ կարելի է Փաշինյանին և իր թիմին, չի կարելի մյուսներին»։ Նախ՝ պարոն Կարապետյանին հիշեցնեմ, որ շատ տգեղ է ժողովրդի անունից խոսելը։ Պարոն պատգամավորը երևի մոռանում է, որ իրենք չեն ներկայացնում ամբողջ ժողովրդին, և ժողովրդի անունից մանիպուլյացիաներ անելը շատ էժանագին հնարք է։ Ես հազարավոր մարդկանց գիտեմ, ովքեր չեն ընտրել «Իմ քայլը» դաշինքին, իսկ շատերն էլ փոշմանել են, որ ընտրել են, սակայն ժողովրդի մի մասն են կազմում։ Շատ լավ կլինի, որ այսուհետ ինչ-որ կարծիք ժողովրդի անունից չհայտնեք. խոսեք Ձեր և Ձեր քաղաքական թիմի անունից, որն ավելի բարոյական է և չի վիրավորում նրանց, ովքեր Փաշինյանի կողմնակիցները չեն, բայց, միևնույն է, ժողովրդի մի զգալի մասն են, որքան էլ դա չընդունեն գործող իշխանությունները։ 

Պարոն Կարապետյանը պնդում է, որ տարիներ շարունակ սպորտի, արվեստի, մշակույթի գործիչները ստիպողաբար ներքաշվել են քաղաքական գործընթացի մեջ, սատարել կամ գովազդել կուսակցությունների կամ քաղաքական առանձին գործիչների: Այո՛, տեղացի սպորտի, մշակույթի և արվեստի շատ գործիչների պարագայում պարոն պատգամավորի ասածը գուցե համապատասխանում է իրականությանը։ Բայց դա ի՞նչ կապ ունի Գերմանիայի կամ Շվեդիայի հայազգի քաղաքացիների հետ, ովքեր շնորհավորել են պարոն Քոչարյանին և բացարձակ կաշկանդված չեն այդ հարցում ո՛չ նախկին, ո՛չ ներկայիս իշխանությունների կողմից, քանի որ ֆինանսապես բավական կայուն, եթե չասեմ՝ շատ հարուստ են և աշխարհում ճանաչված են իրենց ոլորտներում։ Ո՞վ պետք է նրանց վրա ճշնում գործադրեր կամ ինչո՞վ գայթակղեր, պարո՛ն երեսփոխան։ Ստացվում է, որ, ըստ պարոն Կարապետյանի, այն, ինչ անում է աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանը, շատ գովելի և նորմալ է, քանի որ նա իր սոցցանցերի բազմաթիվ էջերում (instagram, facebook և այլն) գովազդում է Փաշինյանին և նրա կառավարության անդամներին, իսկ նույն աշխարհահռչակ Արթուր Աբրահամը եթե «հանդգնում» է շնորհավորել Փաշինյանի թշնամի Քոչարյանին, ապա արժանի է անարգանքի սյանը գամվելուն։ 

Հավելեմ, որ Փաշինյանի և նրա իշխանության բավական ակտիվ գովեստով են զբաղված նաև ճանաչված ռեժիսոր Ատոմ Էգոյանը և նրա կինը՝ Արսինե Խանջյանը։ Ես չեմ չընդունում Թանկյանի, Էգոյանի, Խանջյանի քաղաքական դիրքորոշումը և շատ հարցերի վերաբերյալ նրանց տեսլականը, բայց հարգում եմ դրանք և համարում եմ, որ, լինելով մեր ազգի ճանաչված զավակներ, նրանք իրավունք ունեն ազատ արտահայտելու իրենց կարծիքը։ Նրանց տեսակետներին հակադրվողներն իրավունք ունեն քննադատելու վերջիններիս տեսակետները, բայց ոչ վիրավորելու։ 

Ինչ վերաբերում է պարոն Կարապետյանի կոչին՝ «Գոնե էս աղբյուրի մեջ քար մի՛ գցեք»՝ ուղղված ճանաչված մարզիկներին, ապա դա հիմնականում վերաբերում է նրա թիմին սատարող ֆեյքերի ֆաբրիկային և որոշ իրական օգտատերերի, ովքեր տարրականորեն փողոցային են և անդաստիարակ։ 

Հ.Գ. Ուրիշներին սովորեցնելու և դասեր տալու փոխարեն գործող իշխանությունների ինտելեկտուալ խավին խորհուրդ կտամ սեփական թիմակիցների ուսմամբ ու դաստիարակությամբ զբաղվել և չփորձել վիրավորել մեր ազգի պարծանք հայորդիներին։ 

Դուք կգնաք, և ձեր անունները, բացի Փաշինյանի անունից, ոչ մեկը չի էլ հիշատակի պատմության գրքերում, բայց Արթուր Աբրահամի և նրա ոչ պակաս տիտղոսակիր ընկերների անունները ոսկե տառերով արդեն գրված են մեր սպորտի պատմության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել