Panorama.am-ը գրում է.

ՀՀ զինված ուժերի մայոր Սարգիս Ստեփանյանը 2014 թվականի ամռանը հակառակորդի դիվերսիոն հարձակման ժամանակ վիրավորվել էր՝  արկի պայթունից կորցնելով երկու ոտքն ու ձեռքը: Վիրավորումից ամիսներ անց նա ոտքի կանգնեց, սկսեց քայլել, զբաղվել սպորտով։ Այսօր նա շատերին է հիացնում ու զարմացնում իր կատարած քայլերով՝ հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն, շարունակում է ծառայել Հայաստանի Զինված ուժերում։ «Արիության համար» մեդալակիր Սարգիս Ստեփանյանն իր օրինակով, անցած ճանապարհով ցույց է տալիս, որ պետք չէ տխրել, ընկճվել, այլ քայլել ու գնալ առաջ։

Panorama.am-ը զրուցեց Սարգիս Ստեփանյանի հետ հենց դիվերսիոն հարձակման, վիրավորվելու, այսօրվա ծավալած գործունեության մասին։

Panorama.am- Ինչպե՞ս սկսվեց հակառակորդի դիվերսիոն հարձակումը և ինչպե՞ս կանխեցիք։ Ինչպե՞ս եք հիշում այսօր այդ օրը։

Ս.Ստեփանյան-2014 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին հակառակորդի կողմից հաճախ էր դիվերսիոն ներթափանցում նկատվում։ Այդ օրը հերթական անգամ նկատվեց թշնամու առաջխաղացում՝ դեպի մեր դիրքապահ ստորաբաժանումներ։ Իհարկե՛, մեր սահմանապահ տղաները նրանց արժանի հակահարված տալով՝ ետ էին մղել, բայց, ցավոք, ունեինք նաև վիրավոր։ Ես զանգահարեցի վերադասիս, ստացա թույլտվություն և ինքնակամ մտա ականապատ տարածք։ Այլ կերպ վարվել չէի կարող, որովհետև նժարին դրված էր զինվորի՝ հայի կյանքը։

Panorama.am -Վիրավորվել եք չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելու ժամանակ։ Ինչպե՞ս է հիմա այդ զինվորը, հանդիպում ե՞ք, հիշո՞ւմ եք այդ օրը։

Ս.Ստեփանյան-Այո՛, դեպքը տեղի է ունեցել չեզոք գոտում, որն ամբողջությամբ ականապատ էր։ Առանց վայրկյան մտածելու նետվեցի նրան այնտեղից դուրս բերելու, թեև քաջ գիտակցում էի, որ շանսն այդ տարածքից ողջ-առողջ դուրս գալու՝ զրոյական էր։ Ցավոք, վիրավորված զինվորը կարճ ժամանակ անց մահացավ, որովհետև ստացել էր կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։

Panorama.am -Զինվորների հետ հանդիպելիս, ձեր որդիներին հաճա՞խ եք պատմում այդ օրվա մասին, թե՞ փորձում եք մոռանալ որպես կյանքի ընթացքում դժվարին օր։

Ս.Ստեփանյան- Ոչ միայն տղաներս, այլ մենք ամբողջ ընտանքով չենք փորձում մոռանալ այդ դեպքը, բայց չենք փորձում կենտրոնանալ դեպքի մանրամասների վրա։ Մենք ամեն սկսվող ու ավարտվող օրվա հետ ավելի ենք հասկանում, որ այս փորձությունը ճակատագիրը հատուկ էր նախագծել, որպեսզի մենք ավելի ու ավելի ուժեղանանք իրարով։ Սա այն դեպքերից էր, երբ ասում են՝ սերն ու հոգատարությունը հաղթահարում է ցանկացած իրավիճակ։ Ես ուժեղ եմ իմ ընտանիքով ու հարազատներով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել