ԱՄՆ-ի Նևադա նահանգի 68-ամյա բնակչուհի Քեթի Վուդսը որպես փոխհատուցում կստանա 3 մլն դոլար` չգործած հանցանքի համար 35 տարի կալանավայրում անցկացնելու համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրը հայտնում է, որ 1980 թվականին ամերիկուհին դատապարտվել էր 35 տարվա ազատազրկման` 19-ամյա ուսանող Միշել Միտչելի սպանության մեղադրանքով: Սպանությունը կատարվել էր 1976 թվականին: Նևադայի դատարանը սկզբում չեղարկել էր որոշումը, սակայն 1984 թվականին Վուդսին կրկին դատել էին` նախնական որոշումը թողնելով ուժի մեջ:

Վուդսի անմեղությունն ապացուցվել էր ԴՆԹ-ի ուսումնասիրման նոր տեխնոլոգիայի շնորհիվ, որն այդ տարիներին չէր եղել: Արդյունքում պարզվել էր, որ իրական հանցագործը սերիական մարդասպան Ռոդնի Հոլբաուերն է, որը բռնաբարել և սպանել էր ևս 5 կնոջ: 2018 թվականին նրան դատապարտել էին ցմահ ազատազրկման:

Վուդսի փաստաբանը նշել է, որ Ռենո քաղաքի իշխանությունից և այդ տարիների իրավապահ մարմինների աշխատակիցներից կպահանջի ավելի մեծ չափով փոխհատուցման գումար: Նրանք Վուդսին ստիպել էին խոստովանել այն հանցանքը, որը նա չէր կատարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել