«ՀՀ առողջապահության նախարար Ար­սեն Թորոսյանը երեկ լրագրողների հետ զրույցում կրկին հայտարարել է. «Ինձ Ամուլսարի հանքի մասով հայտնի չեն ռիս­կեր, որոնք կվնասեն մարդկանց առողջու­թյանը»: Թվում է, թե նախարարի այս խոս­քերի թիկունքում կան տասնյակ ուսումնա­սիրություններ, մասնագիտական բազում եզրակացություններ ու տրցակներով փաստաթղթեր, բայց ոչ: Նա հանրության, մասնագիտական շրջանակների կողմից մինչ օրս բարձրաձայնվող որևէ խնդիր լուրջ չի համարում: 

Լրագրողների հար­ցին, թե մասնագետներն ահազանգում են, որ Ջերմուկում, օրինակ, ռադիոակտիվու­թյան մակարդակի աճ կա, նախարարն անվրդով ժպիտով պատասխանել է- «Ան­հանգստանալու առիթ չկա: Չափում չենք արել, քանի որ հանքը չի շահագործվում: Քաջարանում գուցե ավելի խնդիր լինի: Ես այս պահին չեմ տեսնում մոտիվ, պատրվակ՝ չափումներ անելու»: Այսինքն՝ այսքան անհանգստությունները, բարձրաձայնումները մոտիվ չեն նախարարի հա­մար գոնե պաշտոնապես կասկածները փարատելու համար:

Ավելին՝ մեր երկրի ժողովրդի առողջու­թյան թիվ մեկ երաշխավորը հայտարարում է. «Երևանի շինհրապարակի փոշին ավե­լի վտանգավոր է, քան էդ հանքի հնարա­վոր փոշին, քանի որ բնակավայրից շատ հեռու է»: Ու այստեղ հարց է առաջանում, ի՞նչ է արել նախարար Թորոսյանը երևանցիների առողջությունը պաշտպանելու հա­մար, թե՞ թեման «թոփ չէ», հետևաբար նա­և մտածելու բան չկա: Փոշի է, կուլ կտանք, կանցնի, ինչպես եղավ «Վեգայի» հրդեհի ժամանակ, որ նախարարությունը ձկան նման լռեց ու բնակիչներին չասաց՝ ինչպես պաշտպանվեն, երբ այրվում էր այդքան ծավալով ռադիոտեխնիկա:

Մյուս ցնցող միտքը նախարարի տված պատասխանն էր ԱԺ բնապահպանական հարցերով հանձնաժողովի նախագահի խոսքերին: Հիշեցնենք, որ Վարազդատ Կարապետյանն ասել էր. «Որպես իշխա­նության ներկայացուցիչ՝ ի՞նչ պատասխան ենք տալու մենք 30 տարի հետո, եթե Ջեր­մուկում առանց թևի երեխա ծնվի»: «Սա չափազանցված հայտարարություն է: Դա շատ անպատասխանատու հայտարարություն է»,- առանց երկմտելու նետել է նա­խարարը: 

Հետաքրքիր է՝ ինչ վստահու­թյուն ունի նա, եթե մինչ օրս որևէ չափում չի արել, մասնագիտական եզրակացություն չունի, ինչպես կարող է 30 տարի հե­տոյի մասին այդքան վստահ պնդում անել: Հիմա ո՞ր հայտարարությունն է ավելի անպատասխանատու:

Այսպիսով պետք է փաստենք, որ նախա­րարն անհանգստանում է ՀՀ քաղաքացի­ների առողջությամբ միայն այն ժամանակ, երբ խոսք է գնում ծխելու մասին, քանի որ այդ դեպքում առողջապահության համաշ­խարհային կազմակերպության դրամաշնորհների հեռանկար կա: Մնացած դեպքե­րում վտանգ չկա: Եվ եթե պատկերավոր ասենք, ապա ստացվում է, որ մեր երկրում հանք շահագործելն անվտանգ է մարդու առողջության համար, իսկ հանքում ծխելը մահացու վտանգներով է հղի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել