Պակիստանի վարչապետ Իմրան Խանը նախազգուշացրել է միջազգային հանրությանը, որ Հնդկաստանը կարող է գրոհել Քաշմիրի դեմ, որպեսզի շեղի ուշադրությունն այդ տարածաշրջանում մարդու իրավունքների խախտումներից, տեղեկացնում է AP-ը։

Հանդես գալով Իսլամաբադի հանրահավաքում՝ Իմրան Խանն ասել է, որ իր երկիրը «պատշաճ պատասխան» կտա Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությանը Պակիստանի վրա հարձակման դեպքում։

Նա Մոդիին անվանել է «ֆաշիստ» և համեմատել Ադոլֆ Հիտլերի հետ՝ նշելով, որ զգուշանում է «մուսուլմանների ցեղասպանությունից Քաշմիրում»։

Ուրբաթ օրը հանրահավաքներ են տեղի ունեցել ամբողջ Պակիստանում։ Պակիստանի և Հնդկաստանի միջև լարվածությունը սաստկացել է օգոստոսի 5-ից, երբ Նյու Դելին իջեցրել է Քաշմիրի ինքնավարության կարգավիճակը։

Հնդկաստանը նախօրեին հայտարարել էր, որ տեղեկություն ունի այն մասին, թե Պակիստանը փորձում է երկրում «ահաբեկիչներ» ներդնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել