Hraparak.am-ը գրում է․

Նախօրեին «Լիդիան» եւ «ԷԼԱՐԴ» ընկերությունների ներկայացուցիչների հետ սկայպով զրույցից հետո Ամուլսարի ճակատագիրն ավելի մեծ անորոշության մեջ հայտնվեց։ Նկատելի է, որ Նիկոլ Փաշինյանը՝ որոշ շրջանակների ճնշման տակ, նահանջում է նախկին դիրքերից եւ հակված է Ամուլսարի հանքի աշխատանքը դադարեցնելուն։ Մենք զրուցեցինք «Ինվեսթմնթ Լո Գրուպ» իրավաբանական ընկերության գործընկեր, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ իրավախորհրդատու Սայադ Բադալյանի հետ։ 

- Ամուլսարի հարցով քննարկումներից այնպիսի տպավորություն է, թե հանքի շինարարության վերսկսման հարցը կախված է նրանից, թե կա՞ արդյոք նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն, թե՞ ոչ։ Իրավական տեսանկյունից այդ երկուսը փոխկապակցվա՞ծ են։

    • Ոչ, այդ երկու խնդիրներն իրավականորեն փոխկապակցված չեն։ «Լիդիանն» այս պահին ունի գործող ընդերքօգտագործման թույլտվություն եւ գործող ՇՄԱԳ դրական եզրակացություն։ Այդ փաստաթղթերն ուժի մեջ են եւ որեւէ մեկի կողմից անվավեր ճանաչված չեն։ Որեւէ իրավական նորմով նոր ՇՄԱԳ-ի իրականացումը եւ հանքի շինարարության վերսկսումը փոխկապակցված չեն։ Ավելին, գործող հանքերը նույնպես իրենց գործունեության ընթացքում որոշակի պարբերականությամբ իրականացնում են նոր ՇՄԱԳ-ներ, եւ եկեք հարց տանք մեզ ու պատասխանենք՝ արդյոք այդ հանքերը նոր ՇՄԱԳ-ների իրականացման ընթացքում դադարեցնո՞ւմ են իրենց գործունեությունը, պատասխանը միանշանակ է՝ ոչ, քանի որ նման իրավական պահանջ չկա։ Այսինքն՝ նույնիսկ տեսականորեն նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտությունը որեւէ կերպ չի կարող արդարացնել ո՛չ ավելի քան մեկ տարի Ամուլսարի փակ ճանապարհները, ո՛չ «Լիդիանի» աշխատանքները վերսկսելու համար հետագա որեւէ խոչընդոտ: 

- Քանի որ խոսք է գնում նոր ՇՄԱԳ իրականացնելու հավանականության մասին, արդյոք կա՞ն դրա համար համապատասխան իրավական հիմքեր։

    • Իմ համոզմամբ՝ նման հիմքեր չկան։ Նոր ՇՄԱԳ իրականացնելու համար պետք է նախեւառաջ ուժը կորցրած ճանաչել գործող ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունը։ Եվ այս պայմաններում առաջարկում եմ ընթերցել փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հիմքերը սահմանող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը եւ պատասխանել այն հարցին, թե արդյոք այդ հիմքերից որեւէ մեկը կիրառելի՞ է այս դեպքում։ Կարծում եմ՝ պատասխանը կրկին միանշանակ է՝ ո՛չ, եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու որեւէ հիմք այս դեպքի համար կիրառելի չէ։

- Այն դեպքում, եթե կառավարությունը, այնուամենայնիվ, հիմնավորի նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտությունը եւ ուժը կորցրած ճանաչի գործողը, դա որեւէ կերպ կամրապնդի՞ ՀՀ կառավարության դիրքերը արբիտրաժային գործընթացում: Չէ՞ որ այդ դեպքում կառավարությունը կարող է հիմնավորել, որ բնապահպանական նոր փորձաքննության կարիք կար: 

- Նախ, ինչպես նշեցի, ես չեմ տեսնում իրավական հիմք՝ գործող ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու։ Բայց դա հնարավոր արբիտրաժի ենթատեքստում նույնիսկ երկրորդական է: Քանի որ, եթե անգամ դա տեղի ունենա, արբիտրաժում վեճն այլ առարկա ունի։ Մասնավորապես, վեճի առարկա են հանդիսանում, ըստ էության, հետեւյալ 2 հանգամանքները, որոնք նոր ՇՄԱԳ իրականացնել-չիրականացնելու հարցի հետ ուղղակիորեն կապված չեն․
    1. Ընկերության նկատմամբ դրսեւորվել է ակնհայտ խտրական վերաբերմունք, քանի որ որեւէ այլ հանք այս ընթացքում չի ենթարկվել ստուգումների եւ ուսումնասիրությունների։ Ըստ էության, «Լիդիանի» նկատմամբ իրականացվել է կոնկրետ թիրախավորում։ Ընդ որում, սա այն պայմաններում, որ անգամ բարձրաստիճան պաշտոնատար անձինք են ընդունում, որ «Լիդիանի» բնապահպանական միջոցառումներն աննախադեպ են Հայաստանում գործող այլ հանքերի համեմատ։ Ավելին՝ բարձրաստիճան պաշտոնյաներ ընդունել են, որ «Լիդիանի» դեմ իրականացվել է թիրախավորված արշավ: 
    2. Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացվող ստուգումների ընթացքում «Լիդիանը» զրկված է եղել իրեն տրամադրված եւ մինչ օրս ուժի մեջ գտնվող ընդերքօգտագործման թույլտվությունների հիման վրա գործունեություն իրականացնելու հնարավորությունից։ Այսինքն՝ Ամուլսարի ճանապարհներն արդեն մեկ տարուց ավելի փակ են ապօրինի, այս հարցում կառավարությունը դրսեւորել եւ մինչ օրս դրսեւորում է անգործություն, որը, անկախ նոր ՇՄԱԳ իրականացնել-չիրականացնելու խնդրից, որեւէ կերպ իրավաչափ չէ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել