Azatutyun.am-ը գրում է.

Հյուսիսային Կորեայի «գերագույն առաջնորդ» Կիմ Չեն Ընը երեկվանից ի պաշտոնե դարձել է պետության ղեկավար:

Ինչպես և իր հայրը՝ Կիմ Չեն Իրը, և պապը՝ կոմունիստական երկրի հիմնադիր Կիմ Իր Սենը, Կիմ Չեն Ընն էլ անառարկելի առաջնորդ է, բայց հետայսու դա նաև պաշտոնապես է ամրագրվել:

Հյուսիսային Կորեայի խորհրդարանը երեկ հաստատել է սահմանադրության լրամշակումը, որի համաձայն, Կիմ Չեն Ընը հետասյու ոչ թե «ընդամենը» գերագույն առաջնորդ է, այլ «պետության ղեկավար և զինված ուժերի գլխավոր հրամանատար»:

Նախկինում այդ պաշտոնը սոսկ ֆորմալ առումով վերապահված էր Հյուսիսային Կորեայի խորհրդարանի նախագահին:

Վերլուծաբանների կարծիքով, այդ՝ առաջին հայացքից մեծ նշանակություն չունեցող, տեղաշարժը կարող է առնչություն ունենալ միջազգային ասպարեզում Կիմ Չեն Ընի վարած քաղաքականության և, մասնավորապես, ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի հետ:

Նոր իրավական կարգավիճակը Կիմ Չեն Ընին ընձեռում է գերտերությունների պաշտոնյաների հետ հանդիպումներում ներկայանալ որպես Հյուսիսային Կորեայի միանձնյա գերագույն ղեկավար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել