Hraparak.am-ը գրում է.

Մենք գրել էինք, որ այսօր կայանալու է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի խորհրդի նիստ, որի ժամանակ ընտրվելու է Տեսչական մարմնի ղեկավար։ Գրել էինք նաեւ, որ առաջադրված է 5 թեկնածու։ Նրանցից մեկին՝ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Հակոբ Ավագյանին, առաջադրել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների գրասենյակը, որը փաստացի ներկայացնում է վարչապետի դիրքորոշումն այդ խորհրդում: Հարկային տեսչության նախկին աշխատակից Արայիկ Եղոյանին առաջադրել է առողջապահության նախարարը։ Առաջադրվել են նաեւ Դավիթ Մելիք-Նուբարյանը, Գեւորգ Մամիկոնյանը  եւ Արա Մկրտչյան։ 
Հենց նոր տեղեկացանք, որ տեսչական մարմնի նիստն ավարտվել է՝ 3 թեկնածու ստացել են առավելագույն ձայներ՝ Գեւորգ Մամիկոնյանը, Արայիկ Եղոյանը եւ Հակոբ Ավագյանը։

Եւ քանի որ նրանցից ոչ մեկը բավարար ձայներ չի հավաքել, իսկ ընտրվելու համար անհրաժեշտ էր 50 տոկոս ձայներից ավելին, ուստի որոշվել է 3 ամենաշատ ձայն հավաքած թեկնածուներին որոշել են ներկայացնել վարչապետին՝ նշանակման։ Ընդ որում, 3 թեկնածուից ամենից շատ ձայն ստացել է Հակոբ Ավագյանը, ուստի ենթադրվում է, որ հենց նրան էլ կնշանակեն Տեսչական մարմնի ղեկավար։
Հիշեցնենք, որ Տեսչականի նախկին ղեկավարի հետ Արսեն Թորոսյանը կոնֆլիկտ ունեցավ եւ այդ հողի վրա Էդգար Խուրշուդյանն ազատվեց աշխատանքից։ Թորոսյանն աշխատում էր իր թեկնածուին նշանակել այս կառույցում, բայց, փաստորեն, նախարարի եւ վարչապետի տեսակետները տարբերվել են եւ պարզ չէ, թե ինչպես են դասավորվելու հետագայում նախարարի եւ տեսչական մարմնի նոր ղեկավարի հարաբերությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել