Shantnews.am-ը գրում է.

Վրաստանի նախագահ Սալոմե Զուարբիշվիլին Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի կապակցությամբ ներում է շնորհել ավելի քան 30 բանտարկյալի: Նա հրաժարվել է համաներման արժանացածների շարքում ներառել արքեպիսկոպոս Գեորգի Մամալաձեին, որը պատիժ է կրում Վրաստանի պատրիարք Իլիա 2-ի դեմ իրականացված մահափորձի մեղադրանքով: Այդ մասին տեղեկացրել է արքեպիսկոպոսի եղբայր Թոռնիկե Մամալաձեն:

Նրա հայտարարությամբ` հարցի վերաբերյալ Վրաստանի նախագահի աշխատակազմից պաշտոնական պատասխան դեռևս չի ստացել:

«Նախագահն այսօր ներում է շնորհել 34 մարդու: Եթե իմ եղբորը ներում շնորհեին, նրանք կտեղեկացնեին այդ մասին ինձ: Կկանչեին և կասեին` վերցրեք ձեր հաշմանդամ եղբորը: Նրանք չեն զանգել: Սա պատրիարքարանի, նախագահի ու իշխանությունների համատեղ որոշումն է: Նրանք պատասխան կտան: Սեպտեմբերից նրանք բողոքի ակցիաներ կստանան: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ես հոգնել եմ, սխալվում են»,- հայտարարել է Թոռնիկե Մամալաձեն:

Արքեպիսկոպոս Գեորգի Մամալաձեն գտնվում է «Գլդանի» քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցում:

Ի դեպ, դատապարտված արքեպիսկոպոս Գեորգի Մամալաձեն օրեր առաջ ներում էր խնդրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից: Նա այդպիսի խնդրանքով դիմել էր նաև երկրի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին, որը հրաժարվել է նրան ներում շնորհել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել