Armenpress.am-ը գրում է.

Ձկնային տնտեսություններին տրված ջրօգտագործման թույլտվությունների հետ կապված՝ քննվել է մեկ քրեական գործ և պարզվել, որ բնապահպանության հայտնի նախարարը (Արամ Հարությունյանը.- «Արմենպրես») ապօրինի, առանց փորձաքննության, կամայական թույլտվություններ է տվել։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Քրեական գործով պարզվեց՝  շուրջ 211 տնտեսավարողներ ապօրինի իրականացնում են այդ արտադրությունը։ Ապօրինի այնքանով, որ փորձաքննություն չէր իրականացվել, բայց մարդիկ ունեին թույլտվություններ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց նա՝ ավելացնելով, որ ունենք տնտեսավարողներ, որոնք այս պահի դրությամբ պատշաճ չեն իրականացնում ջրային ռեսուրսների օգտագործումը, ինչը հղի է մեծ վտանգներով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Պարոն Դավթյան, ձեր ասածից ստացվում է՝ ի՞նչ պետք է անենք, եթե թույլտվություններն ապօրինի են տրվել, շատ բարդ իրավիճակ է։ Եթե 200-ն էլ գործող տնտեսություն են, ստացվում է բռնել, դրանք փակել։ Պետք է քննարկել և հասկանալ»։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյաննառաջարկեց հնարավորություն տալ տնտեսավարողներին հընթացս անցնել այս փորձաքննությունը, քանի որ հնարավոր է տնտեսավարողը տեղյակ չի եղել, որ թույլտվություն ստանալիս փորձաքննություն չի իրականացվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել