Լավատեսական տրամադրվածությամբ մարդկանց երկար և երջանիկ ապրելու շանսերը շատ ավելի մեծ են, քան նրանց, ովքեր կյանքի նկատմամբ հոռետեսական հայացքներ ունեն: Այս եզրակացությանն են հանգել մի խումբ ամերիկացի գիտնականներ իրենց կատարած հետազոտության հիման վրա, որի արդյունքների մասին հայտնել է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան՝ տեղեկացնում է TASS-ը:

Գիտափորձին մասնակցել են շուրջ 70 հազար կին և ավելի քան 1,5 հազար տղամարդ: Մասաչուսեթսի նահանգի Բոստոնի համալսարանի մասնագետները հետևել են կամավորների առողջական վիճակի փոփոխությանը՝ կախված կյանքի նկատմամբ նրանց վերաբերմունքից:

Բացի դրանից, մասնակիցները պատմել են իրենց ֆիզիկական ակտիվության մակարդակի, համային գերադասությունների, ինչպես նաև վնասակար սովորությունների մասին՝ ներառյալ ծխելու և ոգելից խմիչքներ գորածածելու մոլությունը: Արդյունքները ցույց են տվել, որ լավատեսական աշխարհայացքով մարդանց կյանքի տևողությունը միջին հաշվով 11 – 15 տոկոսով բարձր է, քան հոռետեսներինը:

Ըստ որում, ինչպես նշում են գիտնականները, դրականորեն տրամադրված տղամարդիկ և կանայք ավելի մեծ շանսեր են ունեցել ապրելու մինչեւ 85 տարեկան: Որպես նման երևույթի հնարավոր պատճառ մասնագետները նշել են այն փաստը, որ լավատեսների համար ավելի հեշտ է վերահսկել իրենց հույզերը: Հետևաբար նրանք ավելի լավ են պաշտպանված սթրեսի բացասական հետևանքներից: «Սթրեսն ազդեցություն է գործում մարդու իմունային համակարգի վրա, ուստի և կա հավանականություն, որ դրական տրամադրվածությամբ մարդիկ ունակ են ավելի լավ հաղթահարելու զանազան վարակները»,- ընդգծել է Բրիստոլի համալսարանի պրոֆեսոր Բրույս Հուդը՝ մեկնաբանելով հետազոտության արդյունքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել