Hraparak.am-ը գրում է.

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը քաղաքական առումով գրեթե զրո դերակատարում ունի հայաստանյան կյանքում։ Նրան մնացել են սոսկ պաղպաղակ ուտելը, քոչարի պարելն ու Նիկոլ Փաշինյանի «հրահանգ-միջնորդություններն» անվերապահորեն կյանքի կոչելը։ Դրանք, իհարկե, Արմեն Սարգսյանը կարող է եւ մերժել, հետ ուղարկել կամ ուղարկել Սահմանադրական դատարան, բայց սովորաբար ընտրում է լռելյայն կատարելը, հազվադեպ էլ ուղարկում է Սահմանադրական դատարան, սակայն կրկին վարչապետի կամքին համընթաց։ Վերջերս նա, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը եւ առաջնորդվելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ «Իր լիազորություններն իրականացնելիս հանրապետության նախագահն ընդունում է հրամանագրեր եւ կարգադրություններ», մի հրամանագիր է արձակել, որով ուժը կորցրած է ճանաչել ՀՀ նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի «Վ. Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ զինվորական կոչումից զրկելու մասին» ՆՀ-1135-Ա հրամանագիրը:

Այսինքն՝ Արմեն Սարգսյանը չեղյալ է համարել Ռոբերտ Քոչարյանի՝ Վ․ Հարությունյանին գեներալ-լեյտենանտի կոչումից զրկելու որոշումը, եւ հիմա, նոր հրամանագրով, Հարությունյանը նորից գեներալ է։ Այս մասին ավետել էր նաեւ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան էջում գրելով․ «Վաղարշակ Հարությունյանը կրկին գեներալ-լեյտենանտ է: Հանրապետության նախագահն ընդունել է Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումներից զրկելու Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու իմ միջնորդությունը եւ ստորագրել համապատասխան հրամանագիր»։

Իսկ ի՞նչ հիմքով է վարչապետը միջնորդել նախագահին՝ ստորագրել նման հրամանագիր, եւ նախագահն էլ ի՞նչ հիմքով է ընդունել վարչապետի միջնորդությունը, նշված չէ։ Քաղաքական առումով ամեն ինչ գրեթե ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է չեղյալ համարել Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը, մյուս կողմից՝ խոսակցություն կա, որ Փաշինյանը մտադիր է Վաղարշակ Հարությունյանին նշանակել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ՝ Արտակ Դավթյանի փոխարեն։ Ու հիմա նա անում է առաջին քայլը՝ վերականգնում է Հարությունյանի գեներալական կոչումը։ Բայց արդյոք քաղաքական  դրդապատճառները, որ նկատվում են Փաշինյանի քայլերում, բավարա՞ր են, որ հանրապետության նախագահը որեւէ իրավական ակտ չեղյալ համարի կամ այլ իրավական ակտ կայացնի։

Նույն տրամաբանությամբ հարց է առաջանում․ եթե Նիկոլ Փաշինյանը կարող է վերացնել Ռոբերտ Քոչարյանի ընդունած իրավական ակտը, նույն հաջողությամբ կարո՞ղ է չեղյալ անել ՀՀ նախկին նախագահների արձակած մյուս ակտերը։ Չէ՞ որ նման գործընթացները կարող են վատ նախադեպ դառնալ, երբ ամեն նոր եկող ղեկավար սկսի խաչ քաշել, վերացնել, չեղյալ համարել նախորդների կայացրած որոշումները, այն էլ՝ ավելի քան 17 տարի առաջվա իրավական ակտերը, եւ նորերը կայացնել։ Այսպես կարող ենք նաեւ հայտնվել կոլապսի մեջ: Եվ եթե Վաղարշակ Հարությունյանի կոչումը վերականգնում են, ինչո՞ւ չեն վերականգնում նաեւ համանման այլ անձանց կոչումներն ու պաշտոնները։

Փորձեցինք իրավական այս հարցադրումների պատասխաններն ստանալ կառավարությունից եւ նախագահականից։ Բայց երկու դեպքում էլ մեզ տվեցին ոչինչ չասող պատասխաններ, որտեղ որեւէ իրավական հիմնավորում չգտանք։

Օրինակ՝ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մեր հարցին՝ վարչապետն ի՞նչ իրավական հիմնավորմամբ կամ ի՞նչ իրավական ակտի հիման վրա է միջնորդել նախագահին՝ չեղյալ համարել նախորդ նախագահի որոշումը, ասաց․ «Վարչապետը որոշում է կայացրել, իսկ իրավական մասն ապահովել են իրականացնողները։ Էստեղ կարեւորը վարչապետի որոշումն է»։ Ապա ավելացրեց, որ իրավական մասն էլ իրավաբաններն են ապահովում, որը, իր կարծիքով, անխոցելի է։ Արդյոք կա՞ նախկին նախագահների հրամանագրերը, որոշումները չեղյալ համարելու ընթացակարգ։ Կարապետյանը հիշեցրեց, որ ինքն իրավաբանական վարչությունում չի աշխատում՝ կոչ անելով ճշտել նրանցից, որոնք համապատասխան հրամանը պատրաստել են։ Այսինքն՝ վարչապետի խոսնակը մեզ «ուղղորդեց» դեպի նախագահական, որ այնտեղից ստանանք հարցի պատասխանը։

Նախագահականից էլ, բնականաբար, որեւէ հիմնավորում չնշեցին։ Մեր հարցին ի պատասխան՝ ընդամենը ասացին այն, ինչ հրապարակված էր հրամանագրում․ «Նշված հրամանագիրն ստորագրվել է համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը»։ Իսկ ի՞նչ իրավական հիմքեր են նշված վարչապետի միջնորդության մեջ, որոնցով առաջնորդվել է նախագահը, նախագահի աշխատակազմից չասացին․ «Լիազոր մարմնի միջնորդությունը եւ կից փաստաթղթերը ներկայացվել են գաղտնի ընթացակարգով եւ հրապարակման ենթակա չեն»։ Կարելի է ենթադրել, որ, իրականում, որեւէ իրավական հիմք էլ չկա, ընդամենը վարչապետը նախագահին առաջարկել է վերացնել Ռ․ Քոչարյանի հրամանագիրը, նա էլ հնազանդորեն դա կատարել է։

Նշենք, որ իրավաբաններից ոմանք տարակուսած են եւ կարծում են, որ չկար որեւէ իրավական հիմք, որով կարող էր վարչապետը նման միջնորդություն անել, իսկ նախագահն էլ՝ բավարարել։ Նրանք չեն գտնում որեւէ օրենսդրական ակտ, որը նման իրավական հիմք ապահովեր վարչապետի եւ նախագահի համար։ Փոխարենը կարծում են, որ ավելի խելամիտ կլիներ, եթե վարչապետը միջնորդեր նախագահին, որ նա նորից գեներալի կոչում շնորհեր Վաղարշակ Հարությունյանին, քան թե ուժը կորցրած ճանաչեր նրան կոչումից զրկելու վերաբերյալ 17 տարի առաջվա որոշումը։

Փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանի խոսքով՝ հանրապետության նախագահն  առաջնորդվել է ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասով, որտեղ ընդամենը նշվում է, որ նախագահը հրամանագրեր ստորագրելու լիազորություն ունի։ «Այստեղ պետք է նայենք անձի իրավունքի տեսանկյունից, տվյալ դեպքում անձն իրավունք ունե՞ր 17 տարի հետո վերականգնել զինվորական կոչումը, թե՞ չէ։ Պատասխան չկա նաեւ, երբ անձի զինվորական կոչումը վերականգնվել է, արդյոք նախկինում անօրինակա՞ն է եղել, թե՞ չէ։ Եվ երբ զինվորական կոչումը վերականգնվում է, այս ամբողջ տարիներին այդ կոչումից բխող սոցիալական արտոնությունները, այդ թվում՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը, վերականգնվո՞ւմ է, թե՞ ոչ»,- հարցեր շարադրեց փաստաբանը, որոնց պատասխանը գոնե ինքը չի ստացել։ Մենք՝ նույնպես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել