Համացանցում լուրեր ու կարծիքներ են տարածվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը վերջին պահին ետ կկանգնի Ամուլսարի հանքը շահագործելու իր որոշումից: Artur Danielyan-ը, օրինակ, մտացում է, որ դրա մեղքը վարչապետը կբարդի Քննչական Կոմիտեի վրա: «Արդյունքում «ժերտվա» կտա Քննչակին ու կառույցի հեղինակությունը` բեմադրելով «բարի Նիկոլ» ու «չար Քննչականի» հեքիաթը»:

Ես, իհարկե չգիտեմ ճի՞շտ են արդյոք շրջանառվող լուրերը, թե ոչ, բայց վստահ եմ, որ վարչապետի հնարավոր այդ քայլը հերթական ուժեղ հարվածն է հասցնելու մեր երկրի միջազգային հեղինակությանը: Որովհետև բոլորը կհասկանան, որ Հայաստանը ղեկավարվում է ոչ թե քաղաքական, տնտեսական և այլ ուսումնասիրությունների ու հաշվարկների հիմքով, այլ ֆեյսբուքյան տրամադրություններով ու մեկնաբանություններով: Ո՞վ կցանկանա գործ բռնել նման վարչապետի, նման իշխանության հետ: Ո՞վ ներդրումներ կանի նման երկրում: Պարզ է, որ սկսելու են այլ կերպ ազդել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա` երկիրը հընթացս վերածելով Facebook-ից ուղիղ կախվացություն ունեցող աշխարհում առաջին պետության:

Ի դեպ, եթե դեռ չեք նկատել, ասեմ իմացեք` Նիկոլը երկրորդ ծրարը բացել է արդեն: Իր թիմակիցներին խորհուրդ եմ տալիս պինդ բռնվել: Ինքը` վարչապետը, ոչ հանքը շահագործելու, ոչ էլ դա արգելելու հարցում որևէ պատասխանատվություն երբեք չի ստանձնելու: Մեր մեջ ասած` ոչ էլ ուրիշ այլ կարևոր հարցում: Բոլոր հարցերը կորոշվեն սոցիալական ցանցերում, հետո կնշանակվեն համապատասխան մեղավորները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել