Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում բռնկված հրդեհն արդեն չորրորդ օրն է՝ դեռևս  չի մարվել: Tert.am-ի հետ զրույցում ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը նշեց, որ հրշեջներն առավելագույն հնարավորություններն օգտագործում են, որ կրակը մարեն:

«Այնպես չէ, որ չեն հանգցնում, ուղղակի շատ օբյեկտիվ պատճառներ կան կրակի չմարելու հետ կապված: Հինգերորդ հարկն է, կրակը հասել է վերև, որը ոչ մի ելք չունի դրսից, պատուհան, տանիք չունի, տանիքը երկաթբետոն է,  որը լուրջ խնդիր է, հրշեջները չեն կարող մտնել ներս, իսկ ներսում ջերմաստիճանը շատ բարձր է և տղաները նույնիսկ արտահագուստով չեն կարող մտնել ներս, ջերմությունն անընդհատ բարձրանում է, հավաքված է և խնդիր է  առաջացնում»,-ասաց նա:

Ըստ Զարգարյանի՝ օրական 11-12 մարտական հաշվարկ է աշխատում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքների համար: «Իրար փոխելով աշխատում են, գնում են ջուր հավաքում, գալիս են»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարակից տարածքում նստած ծխի հաստ շերտին ու շենքերի բնակիչների դժգոհություններին, Զարգարյանը նշեց, որ բնակչության համար  խիստ վտանգավոր արտանետումներ չկան: «Նման բան լիներ՝ հայտարարություն կլիներ, մեզ տեղեկություն չի փոխանցվել, որ ծխի մեջ թունավոր նյութերի բաղադրությունը շատ է»,-ասաց նա:

Իսկ թե ինչ է այրվում, նշեց, որ չի կարող ասել: «Ապրանքներից ինչ հնարավոր է, հանել են և հանում են: Չեմ կարող ասել՝ ինչ է վառվում, մասնավոր տարածքում մասնավոր ապրանքներ են, իսկ արտանետումները պայմանավորված են սառնարանների միջնորմների այրումից,  պատերի ներսում եղած նյութերը, ինչով կառուցված է, դրանք վառվում են, որոնք բնականաբար քիմիական նյութեր են, և հոտը բարձրանում է»,-ասաց նա:

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ից որևէ տեղեկություն ստանալ մեզ չհաջողվեց, նրանք հեռախոսազանգերին չպատասխանեցին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ից ծուխ է նկատվում: Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ) հրդեհ է բռնկվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել