Ամուլսարի հանքավայրի հետ կապված վերջին զարգացումները բացահայտեցին ևս մի հետաքրքիր, բայց մտահոգիչ երևույթ հայաստանյան հասարակության իշխանամետ զանգվածի մոտ... Այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ամուլսարի հանքավայրը պետք է շահագործվի, վերջինիս կողմնակիցների մի զգալի մասը, որոնք կտրականապես դեմ էին դրա շահագործմանը, սկսեցին առաջնորդվել միջնադարյան անգրագետ և խավարամիտ հասարակություններում ընդունված մեթոդով՝ ամեն վատ բանի համար մեղադրել "թագավորի" շրջապատին, բայց ոչ այդ ամենի իրական մեղավորին՝ "թագավորին"... Միջնադարյան ժամանակաշրջանի եվրոպական երկրներում, իսկ Ռուսաստանում ընդհուպ մինչև 19-րդ դարի վերջերը, հասարակության կողմից խիստ քննադատվող որոշումների ընդունման համար հասարակությունը հիմնականում մեղադրում էր ոչ թե իրական մեղավորներին՝ թագավորներին, ցարերին, կայսրերին, իշխաններին, այլ վերը նշվածների կողմից նշանակված պաշտոնյաներին՝ այդպիսով սրբագրելով առաջին դեմքերի կողմից ընդունված "սխալ" որոշումները և որպես քավության նոխազ դարձնելով այդ որոշումները իրականացնողներին... 
Ամուլսարի հանքավայրի պարագայում Փաշինյանի երկրպագուների "հակաամուլսարականների" մի զգալի զանգվածը հանքավայրի շահագործման որոշման համար ոչ թե մեղադրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլ նրա շրջապատին՝ հատկապես փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, փորձագետներին, որոնք, իբր թե, համոզել են Փաշինյանին այդ սխալ որոշումն ընդունելու համար և, իհարկե, նախկին իշխանություններին... Սակայն իրականությունը մեկն է. Ամուլսարի հանքավայրի շահագործման վերջնական որոշումն ընդունողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է և միայն նա է պատասխանատու այդ որոշման համար... 
Ավելին` պարոն Փաշինյանը բացահայտեց, որ նա և իր շատ կողմնակիցներ ընդամենը դեմագոգ են և զբաղվել են քաղաքական "աճպարարությամբ", երբ մեղադրում էին նախկին իշխանություններին Ամուլսարի հանքավարի շահագործման համար պետությանը վնաս հասցնելու մեջ... Պարզվում է, ըստ վարչապետ Փաշինյանի, հասցվելիք վնասները բավականին աննշան են լինելու և ընդդիմադիր Փաշինյանի կողմից ժամանակին բարձրաձայնված "ամուլսարյան" խնդիրները տարրականորեն կեղծիք են... Հետաքրքիր է նաև իմանալ, թե ուր կորան ընդամենը երկու օր առաջ "ՔՊ"-ի գրասենյակի դիմաց և այլ տեղերում բացահայտ ու մեղմ "հակաամուլսարական" ելույթներ ունեցող պաշտոնյաները... Բան չունեն ասելու՞... 
Սեփական դեմագոգիան բացահայտելու համար իշխանությունները պետական բյուջեից ծախսեցին 400 հազար ԱՄՆ դոլար, խայտառակեցին Բնապահպանության նախարարությանը՝ քրեական գործ հարուցելով բնապահպանական կեղծ եզրակացություններ տալու համար և դեռ պարզ էլ չէ, թե "Լիդիանն" ինչ քայլեր կձեռնարկի Հայաստանի իշխանությունների դեմ իր գործունեությունը մեկ տարով պարալիզացնելու համար... Հ.Գ. Ամուլսարի հանքի շուրջ շարունակվող տրագիկոմեդիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները մեծ հաճույքով կիրառում են նաև պրիմիտիվ հնագույն քաղաքական տեխնոլոգիաներ՝ սեփական իշխանությունը պահպանելու և սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու համար... Այդ տեսակ մանիպուլյացիաները հիմնականում կարելի է կիրառել քաղաքականապես անգրագետ հասարակություն ունենալու դեպքում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել