Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Քաղաքապետը պահանջում է Աղեկյանին պարտավորեցնել պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում և հերքում:
Հայցադիմումը ներկայացվել է օգոստոսի 15-ին և մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Ստեփանյանին:

Նշենք, որ «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի նախկին ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը բազմիցս քննադատական հայտարարություններով է հանդես գալիս քաղաքապետարանի և քաղաքապետ Հայկ Մարությանի հասցեին: Մասնավորապես, օգոստոսի 9-ին նա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե քաղաքապետարանում կոռուպցիան աննախադեպ մակարդակի է հասել:

Նախօրեին Սոնա Աղեկյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում դիմելով Հայկ Մարությանին՝ ասել էր. «Պարո՛ն պարտադրված քաղաքապետ, կներեք, որ ձեզ դիմեցի, դուք անզոր եք և անմեղսունակ: Պարոն վարչապետ, դուք մեզ պարտադրեցիք մի քաղաքապետ, որը ասում էր, որ կանաչապատելու է, ուզում եմ հասկանամ` որտեղ եք կանաչապատել»:

Աղեկյանը նաև պարբերաբար աղբ ու կեղտաջուր է բերում և քաղաքապետարանի դիմաց լցնում՝ այդպես արտահայտելով իր բողոքն ընդդեմ Երևանում աղբահանության անմխիթար վիճակի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել