Ես Նիկոլ Փաշինյանի հետ լրիվ համաձայն եմ, որ մեր ժողովուրդը աշխատասեր չէ։ Մեր երկրում աշխատանքը չի համարվում մարդու գործունեության գլխավոր, կյանքի իմաստ։ Էդ պատճառով Նիկոլը 100%-ով ճիշտ է։ Ու միշտ խնդրում եմ հիշեք, որ Նիկոլը նաև մեր ժողովրդի զավակն է, նրա լավագույն ներկայացուցիչը, նրա որակների բառի բուն իմաստով հավաքական դեսպանը։ Հենց էդ պատճառով ակնհայտ է, որ Նիկոլն էլ չի սիրում աշխատել։ Կառավարությունն էլ։ 
Ժողովուրդ, պարզ չի՞, որ եթե ժողովուրդը չի սիրում աշխատել, ինչի պիտի Նիկոլը սիրի։ Նա էն ժամանակ էլ չէր սիրում աշխատել, երբ լրագրող էր, առանձնապես իրեն չէր կոտորում, երբ պատգամավոր էր, իսկ հիմա ինչի՞ պիտի աշխատի։ 
Խնդրում եմ հաշվի առեք. խոսքը վերաբերում է աշխատանքին, ոչ թե ակտիվիզմին։ Խոսքը վերաբերում է ժամերով փաստաթուղթ կարդալուն, ժամերով խորհրդակցություն անելուն, ժամերով բանակցություն վարելուն։ Ժամերով։ Օրերով։ Առանց կիրակիների։ Նիկոլը դա չի անում, դա ակնհայտ է։ 
Այո, Նիկոլը մեր երկրի միակ քաղաքական գործիչն է, որը հասկանում է հանրային տրամադրություններից, իրեն տրված շանսից, էդ պատճառով կարա օրինակ 20 օր քայլի, 10 օր հաց չուտի, 600 օր չսափրվի։ Դա կարող է անել, որովհետև քաղաքական գործիչ է։ Բայց Նիկոլը պետական գործիչ չի, չի հասկանում իր վրա դրված պատասխանատվությունը, չի ուզում ընդունել, որ ինքը բոլորի վարչապետն է, այդ թվում օրինակ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՀԿ-ական նախկին պատգամավորների։ Նիկոլը չի ցանկանում ընդունել, որ Հայաստանի վարչապետի լիազորությունները, դե յուրե նույնն են, ինչ շվեյցարական կանտոնի մի ղեկավարի, բայց տարբերությամբ. մեր երկիրը ահավոր աղքատ է, պրոբլեմներով լի և օպերատիվ կառավարման յուրահատկությամբ։ Դու չես կարող ուղղություն ցույց տալ ու նստել, սպասել արդյունքի։ Չի կարող այդպես լինել։ 
Բայց մեր վարչապետը երևի համարում է, որ այդպես չէ։ Ու որոշել է նստել ու ուղղություն ցույց տալ։ Ամեն ժամ ֆեյսբուքյան մեկ ստատուս, օրը՝ մի քանի հոգու ուղարկել ԱԱԾ հարցաքննության, բզել իր արդեն ճարպակալած կուսակիցներին, թե ով ինչ գրի և որտեղ խոսա ու օրը մթնեցնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել