168.am-ը գրում է․

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը վերականգնում է իր ֆինանսավորման աղբյուրները եւ ավելացնում ուժերը Իրաքում եւ Սիրիայում: Այս մասին հայտնել է The New York Times թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի եւ Իրաքի զինվորական ու հետախուզական աղբյուրներ:

Հրատարակության տվյալներով՝ ԻՊ-ն իբր նորակոչիկների հավաքագրում եւ ուսուցում է անցկացնում այն փախստականների թվից, որոնք գտնվում են վրանային ճամբարներում: The New York Times-ի աղբյուրները տեղեկացնում են, որ ԻՊ-ի շարքերում մոբիլիզացված են մոտավորապես 18 հազար զինյալներ, որոնք իրականացնում են սնայպերական գրոհներ, մարդկանց առեւանգում, սպանում են անվտանգության ուժերի աշխատակիցներին եւ հասարակական գործիչներին:

Թերթի աղբյուրների գնահատումների համաձայն, ԻՊ-ի ղեկավարությունը կարող է տնօրինել մոտավորապես 400 մլն դոլարի չափով պահուստային միջոցներ, որոնց գտնվելու ստույգ վայրը հայտնի չէ:

Նաեւ ենթադրվում է, որ այս ահաբեկչական խմբավորման պարագլուխները կարող են շահույթ ստանալ ձկնորսության մեջ, ավտոմոբիլային բիզնեսում արված ներդրումներից, ինչպես նաեւ թմրանյութերի մաքսանենգությունից: Դրա հետ մեկտեղ թերթը թերահավատորեն է վերաբերվում այն հեռանկարին, թե ԻՊ-ն կարող է նախկին զորությանը հասնել, երբ, ըստ փորձագետների գնահատումների, խմբավորման հսկողության տակ Էր գտնվում մոտավորապես 12 մլն մարդ:

Օգոստոսի սկզբին այն մասին, որ ԻՊ-ն ամրապնդում է իր դիրքերն Իրաքում եւ վերածնման գործընթացում է գտնվում Սիրիայում, զեկույցում հայտարարել էր ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել