News.am-ը գրում է․

Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում առկա հանգամանքներն ստուգելու նպատակով: Այս մասին NEWS.am–ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հրապարակումները վերաբերվում են Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումներին, որով վերջիններս հայտնում են Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործարք տեղի ունենալու մասին: Հրապարակումները ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում առկա հանգամանքներն ստուգելու նպատակով:

Հիշեցնենք, որ Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը գրել էր, որ իր նշանակման օրվանից սկսած Ավինյանի գրասենյակը լծված է եղել իր ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին.

«Երբ չստացվեց, սկսեցին լոբբինգ անել, որ ես ուժը կորցրած ճանաչեմ տեսչության ընդունած ստուգման ակտը, կատարողները Ավինյան-Աղաջանյան զույգը՝ իրենց տեղակալ-օգնականներով»,–գրել է Գրիգորյանը՝ նշելով, որ գործ ունենք հրեշավոր ստի հետ, եւ լիբանանյան փորձաքննությունը բացարձակ ֆիկցիա էր։

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն էլ գրել էր, որ որևէ կասկած չունեմ, որ Ամուլսարի հարցում կառավարությունը գնացել է կոռուպցիայի:

«Դրանում ոչ մի, կրկնում եմ` ոչ մի կասկած այլևս լինել չի կարող:

Ստախոս, խաբեբա և հիմա արդեն ժողովրդին ու երկրին դավաճանող կառավարությունը պետք է նախ հետ կանգնի Ամուլսարը բացելու իր որոշումից»,–գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել