2014 թ-ին, երբ Հայաստանի կառավարությունը թույլ տվեց Գեոթիմ ՓԲԸ ("Լիդիան Արմենիա"-ի իրավանախորդ) երկրաբանահետախուզական կազմակերպությանը Ամուլսարի հանքավայրի շահագործումը` ամենամեծ աղմուկն այդ կապակցությամբ բարձրացրեցին ընդդիմադիր քաղաքական ուժերը և հատկապես այդ ժամանակվա ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը, ով Ամուլսարի հանքի շահագործման խնդիրները բավականին ակտիվ նաև շահարկում էր Թավշյա հեղափոխությունից հետո... Գործը հասավ նրան, որ 2018 թվականի հուլիսի 20-ին ՀՀ Քննչական կոմիտեին մեղադրեց Բնապահպանության նախարարությանը կեղծ եզրակացություններ տալու մեջ, որ հանքավայրի շահագործումը անվնաս է... Հանքավայրը փակվեց և ՀՀ կառավարությունը նոր եզրակացություն պատվիրեց, որի համար համապատասխան կազմակերպությանը վճարվել է 400 հազար ԱՄՆ դոլար... Օրերս եզրակացության պատասխանը ստացվել է և, ի դժբախտություն գործող իշխանությունների, այն ևս "դրական" է... 
Ամուլսարի հանքավայրի հետ կապված այդ տրագիկոմեդիայում ինձ այս պահին ավելի հետաքրքիր է "քաղաքական" մասը, քանի որ բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել պարոն Փաշինյանի և նրա ղեկավարած քաղաքական ուժի համար, որոնք միշտ համոզված են եղել, որ Ամուլսարի հանքավայրի հետ կապված տեղի է ունեցել հանցավոր գործարք և ժողովրդի թիկունքում նախորդ իշխանությունները էկոլոգիական դավադրություն են կազմակերպել... Իսկ հիմա պարզվում է, որ Փաշինյանն ու նրա թիմը սխալվել են և պետք է բացատրություն տան հասարակությանը, թե այսքան տարի ինչու էին կեղծ օրակարգով առաջնորդվում և խաբում ժողովրդին... 
Այս հարցի շուրջ հասարակություն-Փաշինյան հետագա շփումը նախապատրաստելու համար` իշխանությունները հրապարակ են բերել ԱԺ-ում իշխանական ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցին, ով գրառում է արել և երկար-բարակ՝ կետերով, բացատրել Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա հետևանքները Հայաստանի համար... Տիկին Մակունցը մտային ինքնացեղասպանության ենթարկվելու և իր էջի հետևողներին ենթարկելու փոխարեն կարող էր ընդամենը մեկ՝ "Հարգելի´ ժողովուրդ, Ամուլսարի հարցում մենք սխալվել ենք, նախկինները ճիշտ էին..." նախադասությունով բացատրել ժողովրդին ստեղծված իրավիճակը...Այդ ամենից հետո նույնիսկ Փաշինյանի ուղիղ եթերի կարիքը չէր լինի... 
Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի գործող իշխանությունների հերթական ձախողումն էր, ինչպես եղավ արագաչափերի, "Սաշիկի 50/50" -ի և շատ այլ աղմկահարույց "փաստերի" պարագայում, որոնք իշխանափոխությունից հետո պարզվեցին, որ էժանագին բանսարկություններ և ասեկոսեներ են, քանի որ որևէ ապացույց մինչև հիմա չի ներկայացվել... 
Ամուլսարի ամբողջ ֆարս-պամտության մեջ մի քանի խնդիր կա,որոնցից կառանձնացնեմ երկուսը. 
նախ, այս սկանդալը բացասական կազդի Հայաստանում ներդրումների վրա, 
երկրորդը, իշխանությունների "կապրիզը" բավարարելու համար պետբյուջեից ծախսվել է 400 հազար դոլար՝ 192 միլիոն դրամ գումար, որը կարելի էր ավելի արդյունավետ ծախսել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել