Armenpress.am-ը գրում է․

Համահայկական 8-րդ խաղերը հնարավոր է, որ անցկացվեն ոչ միայն սիրողական, այլ նաև պրոֆեսիոնալ մակարդակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Համահայկական խաղերի խորհուրդը, թե հին Հայաստանում, թե նոր Հայաստանում, նույնն է եղել՝ Հայաստանի, սփյուռքի և Արցախի միասնության խորհուրդ է պարունակել, և կարծում եմ՝ այդ խորհուրդը շատ ցցուն է եղել այս համահայկական խաղերի բացմանը, որն իրականացվեց, Ստեփանակերտում, Արցախում: Շատ տպավորիչ բացում էր, խաղերն էլ շատ հաջող են անցել, այնքան հաջող, որ հաջորդ խաղերը մտածում ենք անցկացնել ոչ միայն սիրողական, այլ նաև պրոֆեսիոնալ մակարդակով»,- ասաց Ավինյանը:

Տիգրան Ավինյանը հետևել է Համահայկական 7-րդ խաղերի բասկետբոլի եզրափակչին, և հայտնել, որ երիտասարդ տարիքում որոշ ժամանակ ընկերների հետ բասկետբոլ է խաղացել:

7-րդ համահայկական ամառային խաղերին այս տարի մասնակցում է մոտ 5000 մարզիկ՝ աշխարհի 35 երկրի մոտ 160 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր անցկացվեցին Ստեփանակերտում, Մարտակերտում և Ասկերանում, իսկ հիմնական պայքարը ծավալվում է Երևանում: Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել