Բրյուս Լիի դստերը դուր չի եկել ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի վերջին մեկնաբանությունը «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում իր հոր կերպարի վերաբերյալ։

Variety-ի հաղորդմամբ՝ Շենոն Լին ռեժիսորին բավական կոպիտ ձեւով խորհուրդ է տվել զերծ մնալ այդպիսի դատողություններից։ Ավելի վաղ արտիստը հայտարարել է, որ նոր ֆիլմում իր հոր նկարագրումը վիրավորական է։ Այժմ նա կինեմատոգրաֆիստից պահանջում է ներողություն խնդրել։ «Նա պարզպես կարող էր լռել։ Դա շատ լավ կլիներ։ Կա՛մ կարող է ներողություն խնդրել, կա՛մ պարզապես ասել․ «Իրականում ես չգիտեմ՝ ինչպիսին է եղել Բրյուս Լին։ Ես դա պարզապես գրել եմ իմ կինոյի համար»։ Բայց նրա պատկերը չպետք է ընդունվի այնպես, կարծես նա իրականում այդպիսին է եղել»,- հայտարարել է Շենոն Լին։

«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի տեսարաններից մեկում Բրյուս Լին հպարտանում է մարտարվեստի հետ կապված իր կարողություններով։ Նա նաեւ հայտարարում է, որ հեշտությամբ կհաղթի Մուհամեդ Ալիին։ Արդյունքում նրա ու կասկադյո Քլիֆ Բութի միջեւ կռիվ է սկսվում, նրան ծեծում են ու նետում մեքենան՝ ծաղրի առարկա դարձնելով։

Ավելի վաղ Տարանտինոն պատասխանել էր քննադատությանն այն առնչությամբ, թե ինչպես է նոր ֆիլմում պատկերել Բրյուս Լիին։ Ռեժիսորը նշել է, որ նա «մեծամիտ տղա է եղել», ինչպես նաեւ ընդգծել, որ դերասանն իսկապես ասել է Մուհամեդ Ալիի մասին խոսքերը։ «Բավական չէ, որ նա ասել է դա, նաեւ նրա կինը՝ Լինդա Լին, այդ մասին գրել է առաջին կենսագրության մեջ, որը ես կարդացել եմ»,- հավելել է կինեմատոգրաֆիստը։ Ընդ որում, նշվում է, որ մեջբերումը, որը Տարանտինոն վերագրում է դերասանի կնոջը, իրականում պատկանում է քննադատին, ում բառերը մեջբերվում են գրքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել