168.am-ը գրում է.

Հոնկոնգում հակակառավարական ցուցարարներն անցել են նոր մարտավարության. նրանք սոցիալական ցանցերի եւ մեսենջերների միջոցով սկսել են կոչ անել ամբողջ քաղաքում բանկոմատներից զանգվածաբար հանել կանխիկ փողերը, ինչպես նաեւ սկսել տեղական արժույթը փոխարինել ԱՄՆ-ի դոլարով:

Դրանով իսկ նրանք փորձում են վնաս հասցնել մեգապոլիսի ֆինանսական համակարգին եւ հասնել հոնկոնգյան դոլարի փոխարժեքի թուլացմանը: Այս մասին հայտնել է South China Morning Post թերթը:

Առաջատար բանկերը, այդ թվում՝ HSBC-ն, հայտարարել են, որ թղթադրամի բավարար պաշար ունեն եւ հետեւելու են իրադարձությունների զարգացմանը:

«Մենք հսկողության տակ կպահենք իրադրությունը եւ կշարունակենք դա անել օրվա ընթացքում»,- հայտարարել է Citybank-ի ներկայացուցիչը:

«Մենք լսել ենք այդ լուրերը: Այսօր մեզ համար օրը սովորական է, մեր բոլոր բանկոմատները գործել են բնականոն ռեժիմով: Մենք հավաստիացնում ենք, որ մեր բոլոր մասնաճյուղերը բավական քանակությամբ կանխիկ գումար ունեն հաճախորդների կարիքների համար: Բոլոր բանկոմատները նաեւ ունեն թղթադրամի բավականաչափ պաշար»,-նշել է OCBC Wing Hang Bank-ի ներկայացուցիչը:

Այնուամենայնիվ, սկսել են հաղորդագրություններ հայտնվել առանձին բանկոմատներում եւ բանկերի մասնաճյուղերում ամերիկյան դոլարի անբավարարության մասին: HSBC բանկի հաճախորդներից մեկն օգոստոսի 15-ին կանխիկ 100 հազար ֆունտ ստեռլինգ (121 հազար դոլար՝ ներկա փոխարժեքով) էր հանել՝ զգուշանալով ներկայիս ճգնաժամի պատճառով հոնկոնգյան դոլարի թուլացումից:

Տեղի բանկոմատների մեծամասնությունը մեկ հաշվետիրոջ համար 20-40 հազար հոնկոնգյան դոլարի (2,55 հազարից մինչեւ 5,1 հազար դոլար) սահմաններում փող հանելու օրական լիմիտ ունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել