168.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.4%-ով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի էջում այս ցուցանիշը դեռևս հրապարակված չէ։

Գործազուրկների վերաբերյալ տվյալ առկա է միայն այս տարվա առաջին եռամսյակի կտրվածքով։ Ըստ այդմ՝ 2019 թ. առաջին եռամսյակում 2018-ի նույն ժամանակաշրջանի համեմատ գործազուրկների թիվն աճել է 6.7%։

Փաստորեն, 3 ամիսների ընթացքում գործազուրկների թիվը փոխվել է 13.1%-ով։ Մինչդեռ, օրինակ, 2018-ի առաջին եռամսյակում գործազուրկների թիվը եղել է 237.6 հազար, նույն տարվա երկրորդ եռամսյակում՝ 236.4 հազար, տարբերությունը՝ մոտ 0.5%։

Ինչի՞ արդյունքում է այս ցուցանիշն այսքան կտրուկ փոխվել այս տարի։

ԱԺ Տնտեսական հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը 168.am-ի հետ զրույցում լիովին հնարավոր համարեց այս փոփոխությունը։

Ըստ նրա՝ դրա մի քանի պատճառ կարող է լինել՝ գյուղատնտեսական սեզոնի ակտիվացում, երբ ոչ միայն դաշտերում է ավելանում գյուղաշխատողների թիվը, այլև գյուղատնտեսական արտադրանք վերամշակող ձեռնարկությունների աշխատանքներն են ակտիվանում։

«Նաև շատ տրամաբանական է դա բացատրել ընդհանուր տնտեսական ակտիվությամբ, որովհետև անցած տարվա համեմատ՝ խոշոր հարկատուների տվյալներն էլ, չնայած որոշ տեղափոխություններին այս կամ այն կողմ, բայց բավականին շոշափելի աճ կա, և այս հանգամանքով էլ կարելի է բացատրել»,- ասաց Հ.Աղազարյանը։

Հարցին, թե ինչպե՞ս կփոխվի գործազուրկների թիվը գյուղատնտեսական սեզոնի ավարտից հետո, Հ.Աղազարյանը պատասխանեց. «Մինչև խոր աշուն վերամշակող ընկերությունները բուռն աշխատանքների մեջ են, սեզոնը միայն ամառը չի։ Կարծում եմ՝ տարվա կտրվածքով բացասական միտում չի գրանցվի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել