ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնը չեղարկել Է հոկտեմբերի 6-ին պլանավորված համերգը իսպանացի տենոր Պլաչիդո Դոմինգոյի մասնակցությամբ, որին սեռական ոտնձգությունների մեղադրանքներ են առաջադրվել: Համապատասխան հայտարարությունը հրապարակված Է օպերայի կայքում:

«Համերգի չեղարկման որոշումը կայացվել Է սեռական ոտնձգությունների կապակցությամբ բազմաթիվ մեղադրանքների վերաբերյալ վերջերս արված հաղորդումներից հետո, որոնք ներկայացվել են Դոմինգոյին: Թեեւ նշված միջադեպերը տեղի են ունեցել ոչ Սան Ֆրանցիսկոյի օպերայի շենքում, ընկերությունը չի կարող այդ արտիստին ներկայացնել Ռազմական հուշահամալիրային օպերային թատրոնի բեմին»,- նշվում Է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ նվագախումբը հետ Է կանչել համերգի մասնակցելու Դոմինգոյին արված հրավերը, որը ծրագրված Է սեպտեմբերի 18-ին:

Ինչպես հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես»-ը, մի խումբ կանայք իսպանացի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Գործակալության տվյալներով՝ Դոմինգոն փորձել Է կանանց ստիպել իր հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել որոշ դերեր ստանալու խոստման դիմաց եւ «նրանց մասնագիտորեն պատժել Է, երբ իրեն մերժել են»:

Ութ երգչուհիներ եւ մի պարուհի գործակալությանը հայտնել են, որ իրենք 80-ական թվականներից Դոմինգոյի կողմից սեռական ոտնձգությունների են ենթարկվել տարբեր ժամանակներում: Ութ կանայք ցանկացել են, որ իրենց անունը չնշվի, զգուշությունը բացատրելով այն բանով, որ իրենք դեռեւս աշխատում են այդ ոլորտում կամ անհանգստանում են հասարակայնության բացասական արձագանքից: Երգչուհի Պատրիսիա Վուլֆը թույլ Է տվել բացահայտել իր անունը: Եվս «կես դյուժին» կանայք հայտարարել են, որ երգիչն «անպարկեշտ առաջարկություններ» արել, որոնք ստիպել են անհարմար զգալ իրենց:

«Ասոշիեյթեդ պրես»-ը հարցազրույց Է անցկացրել գրեթե 30 երգիչների, պարողների, երաժիշտների եւ թատրոնի այլ աշխատակիցների հետ, որոնք հայտարարել են, թե Դոմինգոյի կողմից նկատել են սեռական բնույթի անպարկեշտ գործողություններ:

Գործակալության տվյալներով՝ Դոմինգոն մերժում Է բոլոր մեղադրանքները: «Անունները չնշված անձանցից հնչած այդ մեղադրանքները, որոնք արմատներով գնում են 30 տարվա վաղեմության իրադարձություններ, խորը անհանգստություն են առաջացնում եւ ճիշտ չեն այն ձեւով, որով ներկայացված են»,-հայտարարել Է նա:

«Ինձ համար ցավալի Է լսել, որ ես ինչ-որ մեկին դառնացրել եմ կամ ստիպել իրեն անհարմար զգալ՝ անկախ այն բանից, թե որքան վաղուց Է դա եղել, չնայած իմ ամենալավ մտադրություններին: Ես համոզված եմ, որ իմ բոլոր փոխգործակցությունները եւ հարաբերությունները միշտ ողջունվել են եւ եղել են փոխադարձ համաձայնությամբ: Նրանք, ովքեր ինձ ճանաչում են եւ աշխատել են ինձ հետ, գիտեն, որ ես այն մարդը չեմ, որը դիտավորյալ որեւԷ մեկին վնաս կպատճառի, որեւԷ մեկին կվիրավորի կամ կշփոթեցնի»,-նշել Է երգիչը:

Դոմինգո Պլաչիդոն աշխարհում առավել հայտնի տենորներից մեկն Է: Նա օպերային բեմում ելույթ Է ունենում 50 տարի: Այդ ժամանակաշրջանում Դոմինգոն կատարել Է ավելի քան 140 առաջատար օպերային դերերգ: Երգիչը «Գրեմմի» 14 մրցանակի դափնեկիր Է, այդ թվում՝ Ջուզեպե Վերդիի «Աիդա» եւ «Տրավիատա», Ժորժ Բիզեի «Կարմեն» եւ Ռիխարդ Վագների «Լոենգրին» բեմադրությունների ձայնագրության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել