Pastinfo.am-ը գրում է.

«Սա հերթական ապօրինությունն է՝ այս դեպքում արդեն Դատական դեպարտամենտի կողմից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Դատական դեպարտամենտի այսօր տարածած հայտարարությանը, ըստ որի՝ Քոչարյանի եւ մյուսների գործը այլ դատավորի չի մակագրվի, քանի դեռ միջանկյալ դատական ակտի դեմ բողոքը գտնվում է Վճռաբեկ դատարանում. «Սա Դատական դեպարտամենտի համապաատսխան անձանց  մասնագիտկական որակների եւ դիտավորության հարցն է»,- ասաց պաշտպանը։

Խուդոյանի կարծիքով՝ երբ հունիսի 25-ին հրապարակվեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, հաջորդ օրվանից գործը պետք է Առաջին ատյանի դատարանում շարունակվեր. «Գործն ամբողջ ծավալով Վերաքննիչ դատարանում երբեք էլ չի եղել, Վերաքննիչ դատարան բողոքարկվել են երկու դատական ակտեր, եւ գործը շարունակվել է գտնվել  Առաջին ատյանի դատարանում։ Արմեն Դանիելյանի որոշումների մեջ էլ ուղղակիորեն գրված է, որ իրեն մակագրված են երկու որոշումներ, եւ բողոքները դրանց շրջանակներում են։ Դրանից հետո թեպետ գործի նյութերը ֆիզիկապես ուղարկվել են Վերաքննիչ դատարան՝ այդ պրոցեսին օժանդակելու համար, բայց գործը Առաջին ատյանի վարույթից դուրս չի եկել»։

Ըստ Խուդոյանի՝ ֆիզիկապես գործի հատորները կարող են գտնվել Վճռաբեկ դատարանում, բայց վարույթը Առաջին ատյանի դատարանում շարունակվում է. «Դա նշանակում է, որ գործով պետք է նշանակվի դատավոր, որը, ենթադրենք, կարող է ասել, որ փաստաթղթեր չկան, եւ նա չի կարող շարունակել գործի վարույթը, ինչով պայմանավորված էլ դարձյալ այն կկասեցնի, բայց դա վերամակագրման հետ ընդհանրապես կապված չէ»։

Պաշտպանի խոսքով՝ Առաջին ատյանի դատարանում պետք է ոչ միայն քննվի իրենց միջնորդությունը՝ գրավի դիմաց ազատ արձակելու մասին, այլ պետք է շարունակվի դատավարությունը. «Վերաքննիչի որոշումը օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից, Դատախազությունը, դրա կողմից հովանավորվող քննչական մարմինը, վերջերս նաեւ՝ ԲԴԽ-ն, Դատական դեպարտամենտը պետք է գիտակցեն, որ Քրեական դատավարության օրենսգիրքը շատ հստակ կարգավորումներ ունի. միջանկյալ դատական ակտերի դեմ կայացված որոշումները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Օրինակ՝ եթե անձին կալանավորում են, այդ որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, բայց 5-օրյա ժամկետում դրա դեմ կարող է բերվել բողոք, դա չի նշանակում, թե քանի դեռ այդ բողոքը չի բերվել, չի քննվել երեք ատյաններում, ուրեմն՝ անձին չեն կալանավորելու»,-նշեց Խուդոյանը եւ հավելեց. «Հիմա գործը Առաջին ատյանի վարույթում է, եւ դատավոր Դավիթ Գրիգորյանին ապօրինի եղանակներով վարույթից հեռացնելու պայմաններում այն պետք է մակագրվի այլ դատավորի՝ անկախ նրանից, թե ֆիզիկապես այդ գործի հատորները որտեղ են գտնվում»։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը մայիսի 18-ի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը։ Այդպիսի միջնորդությամբ դատարանում հանդես էին եկել Արցախի գործող եւ նախկին նախագահները։ Մայիսի 20-ին Դավիթ Գրիգորյանը որոշում էր կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։ Դատավորի այս որոշումների դեմ Դատախազությունը Վերաքննիչ բողոքներ էր ներկայացրել, որոնք բավարարվել էին, եւ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ՝ բեկանվել էին գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին որոշումները։

Դրանից հետո տեւական ժամանակ նիստի օր չէր նշանակվում՝ պատճառաբանությամբ, թե դատավոր Դավիթ Գրիգորյանը գտնվում է արձակուրդում։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ վերջինիս առնչությամբ Դատախազությունը քրեական գործ է հարուցել մեկ այլ գործով պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով, որով ավելի վաղ՝ 2018 թվականի փետրվարին կայացվել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում։ Հուլիսի 26-ին ԲԴԽ միջնորդություն էր ներկայացվել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին՝ երեք դրվագով։ Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 27-ին երկու դրվագով բավարարել էր, իսկ մեկով՝ մերժել։ Օրենքի ուժով կասեցվել էին դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները, ինչից հետո նրան մեղադրանք էր առաջադրվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել