Azatutyun.am-ը գրում է.

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Երևանում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաև Սիրիային մարդասիրական օգնության տրամադրումը, հաղորդում է ռուսական կողմը, ամփոփելով Պատրուշևի՝ երեկ ավարտված երկօրյա այցի արդյունքները:

«Նիկոլայ Պատրուշևն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են նաև միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցեր, մասնավորապես՝ մարդասիրական օգնության տրամադրումը Սիրիայի ժողովրդին և խաղաղ կյանքի վերականգնումն այդ երկրում», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հայաստանը՝ Ռուսաստանի հետ համատեղ, այս տարվա փետրվարից մարդասիրական առաքելություն է իրականացնում արդեն ութ տարի ներքաղաքական պատերազմի մեջ գտնվող Սիրիայում: Համատեղ այս առաքելության մասին առաջինը հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցած տարի՝ հայ-ռուսական համագործակցության մասին իր ելույթում: Թե կոնկրետ ինչ են քննարկել կողմերն այս անգամ, ռուսական հաղորդագրությունը չի նշում:

Հայաստանի կառավարության պաշտոնական տեղեկատվության մեջ Սիրիան ընդհանրապես չի հիշատակվում: «Հարցը բարձրացվել է ռուսական կողմի նախաձեռնությամբ», - «Ազատությանը» պարզաբանեց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Սիրիայում մարդասիրական առաքելությանը մեր մասնակցության վերաբերյալ խոսել է հյուրը՝ մասնավորապես շեշտելով վերաբերմունքը Ռուսաստանյան Դաշնության մեր այդ որոշմանը: Բնականաբար, Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի որոշումը՝ մարդասիրական առաքելությամբ ներկա լինել Սիրիայում», - ասաց Կարապետյանը:

Հայկական կողմն, իր հերթին, հաղորդել էր, թե Նիկոլ Փաշինյանն ու Նիկոլայ Պատրուշևը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են ղարաբաղյան խնդրին, ինչի մասին չէր հիշատակել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հաղորդագրությունը: «Բովանդակային, բանակցային մակարդակի քննարկում չի եղել, եղել է մտքերի փոխանակում», - «Ազատությանը» փոխանցեց վարչապետի մամուլի խոսնակը: - «Վարչապետը ընդհանուր գծերով ներկայացրեց այսօրվա իրավիճակը կարգավորման բանակցությունների հարցում, նաև ներկայացրեց անվտանգության առումով շփման գծում և սահմանում ստեղծված իրավիճակը»:

Սա Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի առաջին այցն էր Երևան Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո, որին անդրադարձել էր նաև աշխարհքաղաքական սպառնալիքների վերլուծությամբ զբաղվող Foreign Brief միջազգային կենտրոնը: Վերլուծաբանները փաստել էին, որ Հայաստանը կախված է ռուսական զենքի մատակարարումներից, մյուս կողմից ՝ Մոսկվայի միակ դաշնակիցն է Հարավային Կովկասում, տարածաշրջանի միակ երկիրը, որտեղ ռուսական ռազմաբազա է տեղակայված, և տարածաշրջանի միակ ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում:

Փաստելով, որ Ղարաբաղում լարվածության աճը կարող է նոր բախում հրահրել, վերլուծական կենտրոնը գրել էր՝ Հայաստանի վարչապետը կարող է ավելի շատ զինտեխնիկա խնդրել Ռուսաստանից՝ Ադրբեջանի հանդեպ առավելության հասնելու համար: «Կհաջողվի, թե ոչ՝ հայտնի կդառնա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերին Հայաստան կատարելիք այցի ժամանակ», - կարծիք էին հայտնել միջազգային կենտրոնի վերլուծաբանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել