Tert.am-ը գրում է.

Tert.am–ը ներկայացնում է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում անդրադարձել է սպառողական վարկավորման հետ կապված հարցերին, նշում,  թե որքանով է դրանց աճը վտանգավոր Հայաստանի համար։

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Վերջին շրջանում սպառողական վարկավորման հետ կապված հարցը լուրջ մտահոգության առարկա է դարձել։ Ընդ որում՝ այդ հարցը արդիական է ոչ միայն մեր երկրում, այլև ԵԱՏՄ այլ երկրներում։ Իմ այս հոդվածի նպատակը Հայաստանում նույնպես պատկան մարմինների և փորձագիտական շրջանակների ուշադրությունը գրավելն է։ Ցավոք,   իշխանական ամենաանարդյունավետ ավանդույթը եղել և մնում է  ցանկության բացակայությունը՝ իրենց իսկ կողմից գործնական խնդիրներ բարձրացնելու և այդ թեմայով կոնստրուկտիվ երկխոսություն սկսելու։   Իշխանությունները կամ համառորեն հերքում են առկա խնդիրները կամ նույնքան համառորեն պնդում իրենց իրավացիությունը։

Իրականում պետք էր, որ իշխանությունն ինքը ձևակերպեր խնդիրները, լսեր հանրային և փորձագիտական այլընտրանքային տեսակետները և դրա արդյունքում գնահատեր բոլոր ռիսկերը։ Այս թեմայով նույն Ռուսաստանում լուրջ  հանրային բանավեճ է նախաձեռնել էկոնոմիկայի նախարարը, իսկ նրա հիմնական ընդդիմախոսը դարձել է կենտրոնական բանկը։ Նրանց միացել են փորձագիտական շրջանակները և գործարար հանրությունը։ Նման քննարկումային մշակույթից պետությունը միայն շահում է։ Ինչևէ։

Որպես այդպիսին՝ սպառողական վարկավորման աճը տնտեսության տեսանկյունից դրական երևույթ է։ Սակայն դա այդպես է, քանի դեռ դրա չափերն ու աճի հետ կապված ռիսկերը կառավարելի են։ Ինչո՞ւ մեզ պետք է մտահոգի Հայաստանում սպառողական վարկավորման աճը։ Պատասխանը շատ պարզ է.  մեզ մոտ առկա հին ռիսկերի կողքին ձևավորվում են նորերը, իսկ դրանց չեզոքացման միջոցները դեռ տեսանելի չեն։

Որտե՞ղ է հիմնական խնդիրը։ Խնդիրը սպառողական վարկերի պորտֆելի և բնակչության իրական եկամուտների աճի էական տարբերության մեջ է։ Այս տարբերությունը կարող է հանգեցնել նրան, որ մի պահ բազմաթիվ պարտապաններ այլևս ի վիճակի չեն լինի մարել բանկերում ունեցած իրենց վարկերը։ Ինչո՞ւ է աճում այս տարբերությունը։ Որովհետև տնտեսության մեջ տեղի չեն ունենում այնպիսի գործընթացներ, որոնք բնակչության մոտ կգեներացնեին նոր եկամուտներ կամ կավելացնեն եղած եկամուտները։   

Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը.

1. Իրական նոր արտաքին ներդրումների՝ նոր ծրագրերի ու նոր աշխատատեղերի, նոր ֆինանսական հոսքերի բացակայությունը։ Երկրի ներսում առկա խնդիրները խոշոր ներդրողների հետ. Լիդիան Արմենիա, Սանիտեկ, Սպայկա և այլն։

2. Պետությունն ինքը վերջին 1,5 տարվա ընթացքում կրճատել է ծախսերը տարբեր շարժառիթներով՝ սկսած կոռուպցիայի դեմ պայքարից, մինչև ֆինանսավորման համար արժանի գաղափարների կամ ծրագրերի բացակայությունը, ինչը չի հանգեցնում ֆինանսական հոսքերի աճի։

3. Շինարարություն.  աճը այստեղ  տեղի է ունենում ոչ թե արտաքին աղբյուրների՝ անշարժ գույքի գնորդների հաշվին, այլ շնորհիվ ներքին աղբյուրների՝ հիփոթեքի: Արտաքին ներդրողները առայժմ երկրի ներքին իրավիճակի հետ կապված սպասողական վիճակում են։

4. Պետական հատվածում չկա պետական ծառայողների եկամուտների մակարդակի էական աճ՝ աշխատավարձեր և այլն։ Սկսել են կրճատվել պարգևավճարներն ու այլ լրացուցիչ վճարներ։

5. Բնակչության մեծ մասի մոտ չի ձևավորվում սպառողական վարկավորման նոր մշակույթ։ Սպառողների երիտասարդ սերունդը դեռ նոր է սկսել ադապտացվել վարկավորման մշակույթին, սեփական եկամուտների ու ծախսերի ռացիոնալացմանը, դրանց երկարաժամկետ պլանավորմանը։ Մինչ այդ մշակույթը կդառնա համընդհանուր, մենք պետք է հնարավորինս  օպտիմալ ձևով խուսափենք բանկային ոլորտում խնդիրներից։

6. Պատկերացրեք նաև մի իրավիճակ, երբ մենք կմեծացնենք գույքահարկը և այդ բեռը կընկնի նաև այն համաքաղաքացիների ուսերին, որոնք միաժամանակ ունեն նաև վարկեր։

7. Այս ռիսկերը պետք է մտահոգեն նաև բանկերին, որոք այս փուլում կարող են որոշակի օգուտներ ստանալ՝ սպառողական վարկավորումից ստացվող բարձր եկամուտների հաշվին, սակայն շուտով կարող են հայտվել մի իրավիճակում, երբ կաճեն չմարված վարկերի ծավալներն ու կմեծանան վարկային պարտավորությունները։ Չէ որ բանկերի հիմնական գործառույթը տնտեսության վարկավորումն է նախ և առաջ արդյունաբերության, ծառայությունների, էներգետիկայի և իրական տնտեսության այլ ոլորտներում։ Սակայն բանկերը, հասկանալով, որ իրական հատվածում վարկավորումը խնդրահարույց է, սկսել են մշակել և առաջարկել սպառողական վարկավորման բազմաթիվ նոր պրոդուկտներ, որպեսզի կարողանան ապահովել իրենց աշխատանքի ընթացիկ եկամտաբերությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել