«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԳՆ-ում լուրջ ներքին դժգոհություն է ձևավորվում: Պատճառն այն է, որ նախարար Մնացականյանը բոլոր պաշտոններում իր մտերիմներին ու ընկերներին է նշանակում՝ փոխնախարարից մինչև բաժնի պետ ու դեսպան: Եթե նախարարի «հավատարիմը» չես, ապա լուրջ խնդիրներ ունես կարիերային աճի հարցում: Նախարարի բոլոր տեղակալներն իր ընկերներն են: Նույնն էլ՝ դեսպանների, վարչության պետերի պարագայում: Դժգոհները չեն բացառում, որ փակ նամակով կդիմեն վարչապետին, քանի որ Նալբանդյանի ու Մնացականյանի ժամանակների միջև էական փոփոխություն չկա, ու ԱԳՆ-ում «հեղափոխություն չի եղել»:

Մենք ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրքրվեցինք, թե ինչ սկզբունքով են նշանակվում պաշտոնյաները, և որքանով են արդարացի այն դժգոհությունները, որ Մնացականյանն իր մերձավորներին է նշանակում։

Մեզ պատասխանեցին․ «ԱԳՆ-ն մասնագիտական կառույց է՝ բաղկացած հիմնականում դիվանագիտական ծառայողներից: Նման հարցադրումն անտեղի է հենց այն պարզ պատճառով, որ ԱԳ նախարարը, շուրջ 3 տասնամյակ աշխատելով ԱԳՆ համակարգում, համատեղ աշխատանքի և միասին դիվանագիտական ճանապարհ անցնելու շնորհիվ լավագույնս ծանոթ է դիվանագիտական անձնակազմին։ Որոշման ընդունման գործընթացն ԱԳՆ-ում ներառական է, որին, ըստ պաշտոնի, մասնակցում են նաև համապատասխան ստորաբաժանման ղեկավարները և ներկայացուցիչները։ Համոզված ենք, որ դիվանագիտական ծառայության էությունը խեղաթյուրող և սին պնդումներն արժանի չեն ո՛չ մեր, ո՛չ էլ չորրորդ իշխանություն հանդիսացող անաչառ լրագրության ուշադրությանը»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել