Pastinfo.am-ը գրում է.

Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է առաջիկա 30 տարում 1,5 մլն նոր աշխատատեղեր ստեղծելու մասին, գործազուրկների քանակը Հայաստանում բավական մեծ տեմպերով ավելանում է։ Թավշյա հեղափոխությունն այս առումով կարելի է ասել, ոչինչ չի տվել։ Ու ինչքան էլ փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ տնտեսական իրավիճակը բարելավել է, դա որեւ կերպ չի նպաստել գործազրկության կրճատմանը։

Այս ընթացքում գուցե նոր աշխատատեղեր ստեղծվել են, բայց դա չի փոխել իրավիճակը աշխատաշուկայում։ Աշխատատեղեր ինչպես ստեղծվել, այնպես էլ փակվել են։ Ու դեռ հարց է, ստեղծված աշխատատեղերն են ավելի շատ եղել, թե փակվածները։ Մի բան փաստ է, որ առաջվա նման հասարակության բավական մեծ հատված շարունակում է զրկված լինել աշխատելու եւ եկամուտ ստանալու հնարավորությունից։։

Պաշտոնական տվյալներով, Հայաստանի աշխատունակ բնակչության շուրջ 21,9 տոկոսը աշխատանք չունի։ Նախորդ տարվա համեմատ կամ իշխանափոխությունից հետո գործազրկությունը 0,9 տոկոսով խորացել է։

Առաջին հայացքից 0,9 տոկոսը գուցե եւ մեծ ցուցանիշ չէ, բայց եթե հաշվի առնենք, որ խոսքը 16 հազար քաղաքացու մասին է, ովքեր համալրել են գործազուրկների բանակը, ապա պատկերը լիովին փոխվում է։ Մեկ տարվա կտրվածքով սա լուրջ հետընթաց է։ Հատկապես որ, առանց այդ էլ գործազուրկների քանակը Հայաստանում փոքր չէ։

Ընդհանուր առմամբ այսօր 253,6 հազար մարդ գործազուրկ է։ Համեմատության համար ասենք, որ նախորդ տարի գործազուրկների թիվը 237,6 հազար էր։
Թե ո՞ւր մնացին թավշյա հեղափոխության առաջնորդի խոստումները՝ մարդկանց աշխատանքով ապահովելու հետ կապված, մնում է միայն գուշակել։ Որքան էլ պաշտոնական վիճակագրությունը Հայաստանում բարձր տնտեսական աճ է արձանագրում, այնուհանդերձ դրա ազդեցությունը գործազրկության վրա տեսանելի չէ։

Այս պայմաններում պատահական չէ, որ աշխատունակ բնակչության արտահոսքը Հայաստանից մեծ տեմպերով շարունակվում է։ Հասարակության մի ստվար զանգված, որը մեծ հույսեր էր կապում իշխանափոխության հետ՝ ստիպված է առաջվա նման աշխատանք փնտրել դրսում։ Խոստացված Մեծ հայրենադարձությունը ոչ միայն չի կայանում, այլեւ միգրացիոն հոսքերը հակառակ ուղղությամբ են։

Փոխարենը մտածելու մարդկանց աշխատանքով ապահովելու մասին՝ իշխանափոխությունից հետո կառավարությունն իր չհիմնավորված քայլերով ուղղակիորեն նպաստեց տնտեսական հատվածում բազմաթիվ աշխատատեղերի փակմանը։ Այսօր էլ այդ գործընթացը նույն տեմպով շարունակվում է։ Ավելին, այն առաջիկայում ներառելու է նաեւ պետական հատվածը, եթե արդեն չի ներառել։
Ինչպես հայտնի է, սպասվում է շուրջ 10 հազար ուսուցչի կրճատում։ Պետական կառավարման այլ համակարգերում եւս առաջիկայում հազարավոր աշխատատեղեր կփակվեն։

Այդ ամենը գուցե եւ արդարացված լիներ, եթե մյուս կողմից քայլեր ձեռնարկվեին նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ։ Սակայն կառավարությունը հույսը դրել է հասարակության ինքնագիտակցության վրա, որ աշխատատեղ կստեղծի իր եւ իր հարեւանի համար։

Թե այդ հույսերը որքանո՞վ են արդարացված, ցույց է տալիս առկա իրավիճակը։ Վերջին մեկ տարում եւս 16 հազար մարդ համալրել է գործազուրկների բանակը։ Ու դա դեռ ամենը չէ։ Բոլոր հիմքեր կան պնդելու, որ միտումը առաջիկայում կշարունակվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել