Tert.am-ը գրում է.

Սա ամբողջությամբ սահմանադրաիրավական գործընթացներից դուրս մոտեցում է, սա միգուցե քաղաքական մոտեցում է, բայց իրավական առումով այս ամենին հնարավոր չէ գնահատական տալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը` անդրադառնալով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է, որ օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորները մինչև իրենց պաշտոնավարման տարիքը լրանալը պահպանում են իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում են օրենքով նախատեսված կենսաթոշակ։

«Այս նախագիծը, ձևակերպումը իրավական բոլոր առումներով խնդիր ունի: Հետաքրքիր է, թե սա Ֆինանսների նախարարությունը ինչպես է արդարացնելու, քանի որ խոսքը շատ լուրջ բյուջետային ծախսի մասին է»,- ասաց Արամ Վարդևանյանը և հարց բարձրացրեց, թե առհասարակ ինչ ազդակ է սրանով փոխանցվում դատական իշխանությանը, և ինչ նպատակ են ցանկանում հետապնդել:

«Եթե սա լիներ մասնավոր իրավահարաբերությունների ոլորտում, կարելի էր ինչ-որ տրամաբանություն գտնել, բայց մենք խոսում ենք սահմանադրական արդարադատություն իրականացնող պաշտոնական անձանց մասին: Ես սա համարում եմ որպես Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր դատավորի արժանապատվության նկատմամբ ոտնձգություն: Ինչպե՞ս կարելի է ասել՝ դուք հրաժարվեք ձեր սահմանադրական առաքելությունից, և մենք դրա դիմաց ձեզ փող կտանք. այդպես է ստացվում, ինչը հարիր չէ, բնորոշ չէ իրավական պետությանը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել