Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը «մեծ ջանքեր» է գործադրում, որպեսզի արքայազն Հարիի կինը՝ դերասանուհի Մեգան Մարքլն իրեն մեկուսացած չզգա, ինչպես արքայադուստր Դիանան, պնդում է թագավորական փորձագետ Դունկան Լարկոմբը: 

Fox News-ի հաղորդմամբ՝ մի շարք մրցանակների արժանացած բրիտանացի գրողը երեքշաբթի հայտնել է, որ միապետը Սասեքսի 38-ամյա դքսուհուն մշտապես թագավորական միջոցառումների հրավերներ է ուղարկում: Նրա խոսքով՝ այս քայլով թագուհին ցանկանում է վստահ լինել, որ Մարքլն իրեն միայնակ և մեկուսացած չի զգա, ինչպես իր հանգուցյալ սկեսուրը:

«Մեգանը, կարծես, հատկապես սերտ հարաբերություններ է հաստատել թագուհու հետ»,- ասել է Լարկոմբը, որը գրեթե 10 տարի The Sun պարբերականում որպես թագավորական փորձագետ է աշխատում:

Լարկոմբը հավելել է, որ դա ջանք է, որը «չի եղել Քեմբրիջի դքսուհու (Քեյթ Միդլթոն) պարագայում», որն արքայազն Ուիլյամի հետ ամուսնացել է 2011 թվականին:

«Թագուհին անցյալ տարի՝ թագավորական ընտանիքին Մեգանի անդամակցության առաջին մի քանի ամիսներին, հատուկ և փոքր-ինչ անսովոր ջանքեր էր գործադրում նրան ընտանիք ընդունելու համար»,- ասել է Լարկոմբը և հավելել, որ 99 տոկոսով վստահ է, որ թագուհին նույն բանը չի արել Քեյթ Միդլթոնի դեպքում:

Լարկոմբը բացատրել է, որ այս քայլը, հավանաբար, կապված է «անցյալի դասերի» հետ, երբ արքայադուստր Դիանան «թագավորական ընտանիքում իրեն օտար էր զգում»:

Հաղորդվում է նաև, որ, ըստ շրջանառվող լուրերի, Մեծ Բրիտանիայի միապետը հանգստյան օրերին Մարքլին Շոտլանդիայի Բալմորալ ամրոց է հրավիրել՝ վերջինիս 38-ամյակը տոնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել