168.am-ը գրում է.

Մանվել Գրիգորյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն որոշում է կայացրել անհապաղ միջոցառումներ կիրառել՝ Մ. Գրիգորյանի համապատասխան բուժում ստանալու հետ կապված։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Փաստաբանի խոսքով՝ ՄԻԵԴ-ը Մանվել Գրիգորյանի գործով արդեն երրորդ որոշումն է կայացրել՝ այն լսելու է առաջնահերթության կարգով։

Նա հույս հայտնեց, որ սարերի հետևում չէ այն օրը, երբ ՄԻԵԴ-ը կլսի Մ. Գրիգորյանի պաշտպանների գանգատը, մասնավորապես՝ նրա խոշտանգման և անօրինական կալանքի տակ պահելու հետ կապված, քանի որ իրենք ՄԻԵԴ-ին դիմել են հենց այդ պահանջով։

Անդրադառնալով Գրիգորյանի առողջական վիճակին, նա հիշեցրեց, որ դատարանի ձևավորած միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումից հետո իր պաշտպանյալը կրկին հետազոտվել է։

«Գրիգորյանի վիճակը ծանր է, դա ֆիքսվում է բժիշկների կողմից, առողջական վիճակում բացասական դինամիկա է արձանագրել նաև դրսից եկած նրան վիրահատած բժիշկը։ Նա ահազանգել է, որ Գրիգորյանի առողջական վիճակը  կրիտիկական է։ Միջգերատեսչական հանձնաժողովի որոշման հիման վրա նրան տեղափոխեցին և հետազոտություն անցկացրեցին այլ բժշկական կենտրոնում, որտեղ զրկված է եղել ոչ միայն տարրական պայմաններից, այլև այդ երեք օրերին բուժում չստացավ»,- շեշտեց Լ. Բաղդասարյանը։

Անդրադառնալով Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացնելուն, նա տեղեկացրեց, որ այս պահին դատարանը գտնվում է արձակուրդում, վերադառնալուց հետո,  ելնելով իրավիճակից, միջնորդության հետ կապված իրենց գործառույթները կիրականացնեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել