Կառավարությունն առաջարկում է, որ դատական օրենսգրքով սահմանվի ՍԴ դատավորի համար հրաժարական տալուց հետո ցմահ քաղցր կյանք: Մասնավորապես, եթե ՍԴ դատավորն արագ հրաժարական տա, ապա առանց աշխատելու նույնքան աշխատավարձ կստանա այնքան ժամանակ, որքան կստանար, եթե չտար հրաժարական: Ավելին, կօգտվի սոցիալական բոլոր այն իրավունքներից, որն ունի գործող դատավորը: Էլ ավելին` դրանից հետո էլ կստանա ցմահ բարձր թոշակ:

Իհարկե բոլորս ենթադրում ենք, թե ում համար է այս գայթակղիչ առաջարկը: Մենք ենթադրում ենք, որ այս առաջարկի հասցեատերերը Կառավարության համար անցանկալի ՍԴ դատավորներն են, որ այս քաղցր առաջարկից (չանել ոչինչ և ստանալ շատ բարձր աշխատավարձ, իսկ հետո շատ բարձր թոշակ), կօգտվեն հենց այդ դատավորները, բայց ես մեծ մտավախություն ունեմ, որ այս քաղցր առաջարկից առաջինն օգտվելու է հենց ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը:

Դե ի՞նչ վատ է, չկարողացավ ինքնահռչակմամբ հասնել ՍԴ նախագահի պաշտոնին (իրեն խոստացել էին, բայց չկատարեցին խոստումը) հիմա պարզապես կապահովի իր ցմահ բարձր վարձատրությունը:

Խոստովանում եմ, եթե ինձ գոնե 5 օրով ՍԴ դատավոր ընտրեին, ես էլ դեմ չէի լինի օգտվել այդ հնարավորությունից:

Իսկ հարկատուներս արդյո՞ք համաձայն ենք մի քանի ամիս «աշխատած» ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին պարապ ֆռֆռալու համար շատ բարձր և ցմահ վարձատրենք (12 տարի պաշտոնավարման ժամկետով, իսկ հետո էլ բարձր թոշակ):

Հ.Գ. մյուս փոփոխության մասին, որը վերաբերվում է դատավորների նկատմամբ քրեական հետապնդման հետևանքներին, կխոսեմ հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել