Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը դրական է գնահատել Սիրիայի հյուսիսում անվտանգ գոտի ստեղծելու վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցությունները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Անկարայում այս շաբաթ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում անվտանգ գոտի ստեղծելու թեմայում առաջխաղացում արձանագրվեց: Բանակցությունները նոր մակարդակում շարունակելու համար նպատակ ունենք ստեղծել ԱՄՆ-Թուրքիա համատեղ գործողությունների կենտրոնը»,- նշել է նա:

Օրթագուսը նաև հայտնել է, որ ամերիկյան կողմը պատրաստվում է ամենակարճ ժամանակահատվածում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել և գործընթացի շրջանակներում շարունակել Թուրքիայի հետ բանակցությունները:

Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, անվտանգ գոտի ստեղծելու մասին 2013 թվականին առաջին անգամ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում: Ըստ այդ ծրագրի՝ Սիրիայում տեղի ունեցող բախումների պատճառով երկիրը լքող սիրիացիների համար կստեղծվի մի տարածք, որտեղ կապահովվի նրանց անվտանգությունը: Այդ տարածքից պետք է հեռացվեն Քրդական աշխատավորական կուսակցության և մյուս նմանատիպ կազմավորումների զինյալները: Թուրքական կողմը նախապես պահանջում էր, որ անվտանգ գոտին ունենա 30-40 կմ լայնություն և 460 կմ երկարություն: Սակայն, աստիճանաբար զիջումների գնալով, պահանջում է 30-35 կմ լայնություն և մոտ 400 կմ երկարություն:

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև անվտանգ գոտու թեմայով բանակցություններ տեղի են ունեցել հուլիսի 23-ին, երբ Թուրքիա էր ժամանել Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին: Այդ ժամանակ ամերիկյան կողմի՝ անվտանգ գոտու 5-14 կմ լայնություն ունենալու առաջարկը մերժվել էր Թուրքիայի կողմից: Անկարայում օգոստոսի 5-7-ը տեղի է ունեցել թուրք-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը: Նախատեսվում է ԱՄՆ-ի հետ միասին ստեղծել համատեղ գործողությունների կենտրոն, որը համակարգելու և ղեկավարելու է անվտանգ գոտու ստեղծման աշխատանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել