Hraparak.am-ը գրում է.

«Արմենիա» հեռուստաընկերության նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը հեռուստատեսային էջը թերթելուց առաջ «ծանուցում-հրաժեշտ» էր գրել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ վերադառնում է Գյումրի, այնտեղ ապրելու եւ աշխատելու, ապա վերջում ավելացրել էր․ «120 կիլոմետր հեդո սկսվիգը կյանքիս նոր, գուցե ամենակարեւոր հատվածը»։ Մխիթարյանի հեռանալը որոշ մարդկանց մոտ կասկածի տեղիք է տվել, լուրեր են շրջանառվում, թե Ռուբեն Մխիթարյանը 2021 թվականին տեղի ունեցող քաղաքապետի ընտրություններին է պատրաստվում մասնակցել, այդ իսկ պատճառով ընտրություններից առաջ վերադարձել է Գյումրի՝ դիրքերը ամրապնդելու համար։

Մխիթարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, թե այդ մասին խոսում են բոլորն ու անդադար, բայց կարծես թե դրան հիմքեր չի տվել: 

Ապա ավելացրեց․ «Ես կուսակցական չեմ, տանել չեմ կարող դաշտում բոլոր գործող ու կիսագործ կուսակցություններին: Գյումրի վերադարձել եմ մասնավորում հաջողված մենեջերի աչքերով ու հմտությամբ, որ փորձեմ թե՛ իմ բիզնեսները զարգացնեմ, թե՛ քաղաքը, որպես բիզնես-մոդել դիտարկելով, մատուցել ու ներկայացնել աշխարհին: Դեռևս ոչ մեկ իրեն նեղություն չի տվել 30 տարիների ընթացքում խորանալ, թե ռեալ Գյումրիին ինչ է պետք և ինչպես է պետք Գյումրին մատուցել, ու բառիս լավ իմաստով «վաճառել» աշխարհին: Ես վստահ եմ, որ ես և ընկերներս հենց էդ մարդիկ ենք, ովքեր գիտեն, թե դա ինչպես է պետք անել: Իսկ պետական ստատուս դա անելու համար ինձ պետք չէ, ես դրա կարիքը չունեմ: Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ ունեմ շատ լավ, ջերմ մարդկային հարաբերություններ ու միշտ պատրաստ եմ եղել ու հիմա էլ պատրաստ եմ կանգնել կողքը Գյումրիին վերաբերող ցանկացած հարցով: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ նույնպես շատ ջերմ ու ընկերական հարաբերություններ են: Այնպես, որ ես քաղքի տղա եմ, քաղքի տղու ստատուսը ինձ լրիվ հերիք է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել