168.am-ը գրում է.

Հնդկաստանը նոտա է ուղարկել Պակիստանին հնդիկ դիվանագետների լիակատար անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության մասին հակահնդկական զանգվածային ելույթների ֆոնին, որոնք երկրում սկսվել են այն բանից հետո, երբ Նյու Դելին որոշեց չեղարկել Ջամուի եւ Քաշմիրի նահանգի հատուկ կարգավիճակը: Այդ մասին հայտնել է Asian Age թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ: Ըստ այդ տեղեկատվության՝ Հնդկաստանն անհանգստացած է Պակիստանի իշխանությունների եւ ԶԼՄ-ների բացասական արձագանքից, ինչպես նաեւ հակահնդկական կարգախոսների ներքո բողոքներից, որոնք տեղի են ունեցել երկրի մի շարք շրջաններում:

Ավելի վաղ Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ջամուի եւ Քաշմիրի նահանգի հատուկ կարգավիճակը չեղարկելու Հնդկաստանի կառավարության որոշումը, կարգավիճակ, որն ամրագրված է Հնդկաստանի Սահմանադրության 370-րդ հոդվածում: Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Քամար Ջավեդ Բաջվան նախօրյակին հայտարարել է, որ պակիստանյան բանակը կաջակցի Ջամուիի եւ Քաշմիրի հնդկական նահանգի բնակիչներին՝ տարածաշրջանի հատուկ կարգավիճակը չեղարկելու Նյու Դելիի որոշման կապակցությամբ: Հնդկաստանի կառավարությունն օգոստոսի 5-ին հայտարարել է Սահմանադրության 370 հոդվածը չեղարկելու որոշման մասին, որը հատուկ կարգավիճակով է օժտում Ջամուի եւ Քաշմիրի նահանգը: Ինչպես խորհրդարանում հայտնել է Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիթ Շահը, Ջամուի եւ Քաշմիրի կառուցվածքը պետք է վերակազմվի: Կառավարության առաջարկության համաձայն, Ջամուն եւ Քաշմիրը կորցնում է նահանգի կարգավիճակը եւ դառնում միութենական տարածք (ավելի քիչ իրավունքներ ունի, քան նահանգը), նրանից անջատվում է Լադաքհ պատմական մարզը, որը նույնպես դառնում է միութենական տարածք: Նաեւ այլ փոփոխություններ են սպասվում Քաշմիրի կարգավիճակի եւ կառավարման ոլորտում: Ընդսմին Ջամուն եւ Քաշմիրը կպահպանի իր օրենսդիր մարմինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել