168.am-ը գրում է.

Աֆղանստանի վարչապետ Աբդուլա Աբդուլան օգոստոսի 7-ին դատապարտել է Քաբուլի արեւմուտքում ոստիկանական տեղամասի մոտ իրականացված պայթյունը եւ հարձակումը որակել որպես երկրի նախագահի ընտրությունների նախապատրաստումը վիժեցնելու փորձ։ «Ես վճռականորեն դատապարտում եմ այսօրվա ահաբեկչական գրոհը Քաբուլում,-գրել է նա Twitter-ի իր էջում:-Ահաբեկիչները նպատակ էին հետապնդում՝ խանգարել նախագահական ընտրարշավի անցկացմանը»:

Պայթանյութով հանդերձված ավտոմոբիլն օգոստոսի 7-ի առավոտյան հօդս է ցնդել Քաբուլի արեւմտյան շրջանի ոստիկանական տեղամասի տարածքում: Ահաբեկչության հետեւանքով տուժել է 95 մարդ, որոնց մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ կանայք ու երեխաներ: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» արմատական շարժումը: Աֆղանստանի նախագահական ընտրությունները պլանավորված են 2019 թվականի սեպտեմբերի 28-ին: Դրանց անցկացման ամսաթիվը հետաձգվել է մի քանի անգամ:

Ավելի վաղ ծրագրվում էր, որ ընտրությունները կկայանան այս տարվա հուլիսի 20-ին: Այդ երկրի պետության ղեկավարն ընտրվում է համընդհանուր, գաղտնի եւ ուղղակի քվեարկության հիման վրա հինգ տարի ժամկետով եւ կարող է վերընտրվել երկրորդ ժամկետով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել