Pastinfo.am-ը գրում է.

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի նկատմամբ կատարված սպանության փորձից հետո նրա մեքենան դեպքի վայրից տանելու գործով այսօր  նրա եղբորը՝ Ռոբերտ Մանուկյանին, մեղադրանք  է առաջադրվել նաեւ  իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար եւ սա այն դեպքում, երբ վերջինս է հայտարարել, որ բերման ենթարկվելուց հետո ոստիկանության բաժանում իր նկատմամբ բռնություն է գործադրվել, իսկ դատարանն էլ արձանագրել է, որ նրան ոստիկանություն բերման ենթարկելու ոստիկանների գործողություններն իրավաչափ չեն եղել։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ Ռ.Մանուկյանը օգոստոսի 3-ին ձերբակալվել էր արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու դրդչության կասկածանքով։

Մինչդեռ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ձերբակալությունը համարել էր ոչ իրավաչափ՝ փաստելով, որ կասկածյալին ձերբակալելու նպատակի վերաբերյալ որևէ հիմք վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն ներկայացվել։ Քննիչը պարզապես նշել է, որ կասկածյալը դիմադրություն է ցուցաբերել ոստիկանության աշխատակիցներին, սակայն վերոնշյալ հանգամանքի վերաբերյալ որևէ փաստաթուղթ դատարան չի ներկայացվել։ Ավելին, դատարան չեն ներկայացվել նաեւ  հիմքեր, թե Ռ.Մանուկյանը փորձել է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից։

«Դատարանում քննիչի կողմից  տրված  պարզաբանումներով հիմնավորվել է, որ  գործը վարույթ ընդունելուց քննիչի կողմից որեւէ հանձնարարություն չի տրվել կասկածյալին վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար, գործում չկա բերման

ենթարկելու մասին որոշում կամ ծանուցագիր, որպիսի հանգամանքներն էլ խոսում են այն մասին, որ բացակայում է կասկածյալ Մանուկյանի կողմից թաքնվելու կամ նոր հանցագործություն կատարելու նպատակը»,- արձանագրել է դատարանը՝ նշելով, որ   ոստիկանության աշխատակիցները չունենալով կոնկրետ հանձնարարություն կասկածյալին վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու վերաբերյալ, փորձել են Ռ.Մանուկյանին տանել ոստիկանության բաժին, իսկ վերջինս էլ հրաժարվել է առանց ծանուցագրի կամ բերման ենթարկելու որոշման ներկայանալ ոստիկանություն։

Դատարանի որոշմամբ Ռ.Մանուկյանն անհապաղ ազատ էր արձակվել արգելանքից։ Ավելին, պարզվել է, որ Ռ.Մանուկյանը ոչ միայն առանց որեւէ հիմքի է տարվել ոստիկանություն, այլ նաեւ այնտեղ բռնության է ենթարկվել, ինչի մասին գործարարի եղբայրը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին ՀՔԾ։

Հետաքրքիրն այն է, որ դատարանի կողմից արձանագրված խախտումներից հետո նախաքննական մարմինը Ռ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրել ոչ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածի երկրորդ մասով՝  իր եղբոր նկատմամբ կատարված սպանության փորձից հետո ավտոմեքենան դեպքի վայրից տեղափոխելու համար, ինչը որակվել է որպես  արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու դրդչություն, այլ նաեւ ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու համար։

«Եթե ոստիկանների գործողությունները եղել են չփաստարկված և անօրինական, հետևաբար նրանց անօրինական տրված պահանջը չկատարելը չէր կարող Ռոբերտ  Մանուկյանի համար 316-րդ հոդվածով նախատեսված հանցանքի կատարման հիմք առաջացնել», - «Փաստինֆո»-ին ասաց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։ Վերջինս ավելացրեց նաև, որ քննչական մարմինը 332-րդ հոդվածով քրեական գործով զբաղվելու փոխարեն, զբաղված է ոստիկաններին «պաշտպանության» տակ վերցնելու գործողություններով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել